The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՄԵԴԻԱ
Փետրվար 26, 2016
Աստրոտերֆինգ. Արհեստական կարծիքի ձեւավորումը մամուլում
Գագիկ Աղբալյան
«ՋեյՆյուզ»
Աստրոտերֆինգ. Արհեստական կարծիքի ձեւավորումը մամուլում

Եթե Գուգլի միջոցով հայերեն որոնենք «աստրոտերֆինգ» բառը, ապա կբերի ընդամենը մեկ արդյունք: Ընդամենը մեկ պարբերություն՝ ամերիկացի լրագրող, մեդիափորձագետ Դեն Գիլմորի «Մեդիակտիվ» գրքի հայերեն թարգմանությունից, որտեղ հեղինակը մի քանի նախադասությամբ անդրադառնում է աստրոտերֆինգին:

Այն, որ համացանցի հայկական տիրույթում այս տերմինը ընդամենը մեկ անգամ է գործածվել, այն էլ՝ Գիլմորի գրքի հայերեն տարբերակում, խոսում է այն մասին, որ աստրոտերֆինգը մեզանում բավարար չափով ուսումնասիրված եւ վերլուծված չէ: Բայց արի ու տես, որ այդպես աննկատ մնալով, աստրոտերֆինգը հայկական վիրտուալ իրականության մեջ գոյություն ունի շատ վաղուց:

Վերջին տարիներին Հայաստանում սկսել ենք հաճախ խոսել վիրտուալ դաշտում «ֆեյքերի» կամ կեղծ օգտատերերի գոյության  մասին` որոշ դեպքերում կիրառելով «ֆեյքերի պատերազմ», «ֆեյքերի գրոհ» տերմինները, հատկապես այն դեպքերում, երբ այս կամ այն նյութի հեղինակի կամ նյութում առկա կողմերից մեկի հասցեին օգտատերերի հայհոյանքների տարափ է լինում: Դեն Գիլմորն այս երեւույթն անվանում է  ոչ թե կեղծ օգտատերերի գրոհ, այլ՝  արհեստական հասարակական կարծիքի ձեւավորում:

«Մեդիակտիվ» գրքում «աստրոտերֆինգ» բառի նշանակությունը այսպես է ձեւակերպված. աստրոտերֆինգը արհեստական հասարակական կարծիքի ստեղծումն է, ինչը հաճախ օգտագործում են կուսակցությունները եւ խոշոր կորպորացիաները, այդ թվում՝ պատվերով հոդված գրելու, «գնված» օգտվողների անունից բլոգներում մեկնաբանություններ գրելու եւ այլնի միջոցով:

Ամերիկացի լրագրողի գրքում կան մի քանի օրինակներ, որոնք տեղավորվում են աստրոտերֆինգի բացատրության շրջանակներում:

Դրանցից է Procter & Gamble եւ Walmart ընկերությունների օրինակը: Հեղինակը գրում է, որ այս ընկերությունները, ի թիվս այլ խոշոր ընկերությունների, «բռնվել» էին բլոգերներին եւ ակտիվ օգտատերերին վճարելու համար՝ գովաբանելու ընկերությունը կամ իրենց արտադրանքը՝ առանց կորպորատիվ կապը բացահայտելու:

Գրքում առկա մեկ այլ, առավել ուշագրավ օրինակը վերաբերում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, ով իր երկրում հիմնականում քողարկված, թեեւ երբեմն ակնհայտ ասեկոսեների ու բացահայտ ստերի թիրախ է եղել: Գիլմորը եզրակացնում է, որ այդ ստերի նպատակը մեկն էր՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում բացասաբար ազդել նահանգների դեռեւս չկողմնորոշված ընտրողների վրա: Մամուլով լուրեր էին տարածվում, թե Օբաման մահմեդական է եւ ծնունդով Քենիայից: «Եթե վերջինը ճշմարիտ լիներ, ինչն այդպես չէ, ապա Օբաման կարող էր զրկվել պաշտոնավարման իրավունքից», - ասում է Գիլմորը:

Հայկական մեդիադաշտում աստրոտերֆինգին բնորոշ դրսեւորումներ կան՝ բազմազան ու բազմաբնույթ, որոնք վերլուծելու համար ավելի շատ ժամանակ է պահանջվում, քան մեկ հոդվածով այս թեմային անդրադառնալը: Սակայն դա մենք կներառենք մեր հետագա ուսումնասիրություններում: Այս անգամ ներկայացնենք մի քանի օրինակ, որոնք, մեր կարծիքով, տեղավորվում են վերը նշված հասկացության շրջանակներում:

Կայքերից մեկում փետրվար ամսին տեղադրվել էր մի օգտատիրոջ գրառում այն մասին, որ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի որդին բանակում չի ծառայել, ազատվել է բանակից: Քաղաքական գործիչը այս տեղեկությանը չարձագանքեց: Բայց տեղեկությունը, որը կարող էր վնասել Բաղդասարյանի հեղինակությանը, աստրոտերֆինգի ենթարկվեց. ի հայտ եկան ֆեյսբուքյան օգտատերեր, որոնք, չհերքելով տեղեկությունը, նյութի տակ արհեստական հասարակական կարծիք էին ձևավորում ի պաշտպանություն Բաղդասարյանի. «Դուք զզվելի եք, այ ծախուներ», «Հերիք չէ՞՝ ազնիվ մարդկանց համբավը արատավորեք», «Ո՞վ է ձեզ փող տվել, որ զրպարտեք, այ հայվաններ»… սրանք մեկնաբանություններից մի քանիսն են: Աստրոտերֆինգի այս ձեւը թերեւս ամենատարածվածներից է:

Աստրոտերֆինգին բնորոշ մեկ այլ օրինակ կարելի է նշել 2013 թվականի Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի օրերին թեկնածուներից մեկի օգտին կազմակերպված ֆեյսբուքյան արշավը: Ֆեյսբուքում հանրային հարցում էր անցկացվել, պարզելու համար, թե որ կուսակցությունը ընտրողների մոտ ինչպիսի հեղինակություն է վայելում, ինչ վարկանիշ ունի: Հարցման արդյունքներով՝ ՀՀԿ-ն մյուսներից մի քանի անգամ շատ քվե էր ստացել, բայց՝ բավականին տարօրինակ պայմաններում: ՀՀԿ-ի օգտին քվեարկածների մեծ մասը այլ երկրներից ներկայացված օգտատերեր էին, մասնավորապես միջինասիական անուն-ազգանունով, Ղազախստանի, Տաջիկստանի, Աֆղանստանի եւ այլ հեռավոր երկրների բնակիչներ: Հենց նրանց հաշվին էր ՀՀԿ-ն առավելություն ստացել իր մրցակից քաղաքական ուժերից:  

Աստրոտերֆինգ բառի բացատրության շրջանակներում, մեր կարծիքով, կարող է տեղավորվել նաեւ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի դեմ քաղաքական արշավը: Ավելի քան մեկ տարի առաջ մամուլով եւ սոցիալական ցանցերով տեղեկությունների հետեւողական տարածում եղավ այն մասին, թե Փաշինյանը արտաքուստ է ընդդիմադիր, իսկ իրականում ծպտյալ իշխանական է: Այս դեպքում աստրոտերֆինգի հեղինակները, ոչ թե իշխանական թեւն էր, այլ՝ Փաշինյանի նախկին քաղաքական դաշնակիցները: Դաշինքի փլուզումից հետո, միանգամից սոցիալական ցանցերը լցվեցին գրառումներով, թե Նիկոլ Փաշինյանի ընդդիմադիր գործունեությունը կեղծ է: Եվ այս պրոցեսը շարունակվեց շաբաթներ շարունակ: Աստրոտերֆինգը ժամանակի ընթացքում մարեց, ընդդիմադիր քաղաքական գործչի ծպտյալ իշխանական լինելու մասին լուրերը չհաստատվեցին, սակայն այս արշավը արհեստական հասարակական կարծիք ձեւավորելու հարցում կարող էր իր որոշակի պտուղները տալ:

Դեն Գիլմորը աստրոտերֆինգից պաշտպանվելու համար առաջարկում է հետևյալ դեղատոմսը. «… կա մի մոտեցում, որն օգնում է. պարզապես փաստել ճշմարտությունը` առանց կեղծիքը կրկնելու: Սա այն միջոցներից մեկն էր, որին դիմեցին Օբամայի ներկայացուցիչները նրա եւ նրա կրոնական հավատքի մասին ստերի դեմ. նրանք ասում են` «Նախագահը քրիստոնյա է եւ ծնվել է Միացյալ Նահանգներում»: Նրանք երբեք չեն կարող համոզել այն մարդկանց, ովքեր վստահ են իրենց ենթադրություններում եւ կեղծիք են տարածում: Մենք անում ենք այն, ինչ կարող ենք, եւ հաստատման կողմնակալության մասին իրազեկվածության բարձրացումն ավելի ու ավելի շատ մարդկանց է օգնում նկատելու այս երեւույթն իրենց մեջ եւ սահմանափակելու դրա ազդեցությունը»:

Պաշտպանվեք աստրոտերֆինգից:

 

Աղբյուր՝ JNews.am

 

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել