The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Մարդ
Նոյեմբեր 22, 2011
Սիրո գագաթին. ամուսնու կողքին լինելով` հայ կինը հասավ Արարատ
Անի Գաբրիելյան
JNews-ի թղթակից
Սիրո գագաթին. ամուսնու կողքին լինելով` հայ կինը հասավ Արարատ
Արարատը հաղթահարելու սկզբնակետին

58-ամյա Գայանե Հովհաննիսյանը վեց տարի առաջ որոշեց նվիրել իրեն լեռնագնացությանը: «Շատ դժվարություններ եմ հաղթահարել, բայց այս տարիքում չէի սպասում լեռնագնացության այսպիսի սիրահար դառնալ: Դեռ դպրոցական տարիքից ծնողներս «բարի նպատակով» ինձ անգամ զրկել էին ֆիզկուլտուրայի դասերից»,- ասում է Գայանեն:

Գայանեն լեռնագնացությամբ հետաքրքրված չի եղել, բայց ճակատագրի բերումով ամուսնացել է լեռնագնացի հետ:

«Եկավ մի շրջան, որ ես փորձեցի ամուսնուս հետ պահել այդ հաճույքից: Սակայն ինձ չհաջողվեց: Ստիպված եղա փորձել միանալ նրան, և ինձ համար բացվեց անհայտ մի աշխարհ»,- խոստովանում է Գայանեն:

Այս վեց տարիների ընթացքում Գայանեն արդեն հասցրել է բարձրանալ Հատիսի, Ծաղկունյաց լեռների, Աժդահակի, Արա լեռան, Թեղենիսի և Արագածի երկու գագաթները: Իսկ այս ամառ նա ընդգրկվեց վեց հոգանոց արշավախմբում, որը բարձրացավ Արարատ սարը (5165 մ բարձրություն). Գայանեն խմբի միակ կինն էր:

«Այդ ճամփորդությունը առաջին իսկ պահից կլանեց ինձ` Ղարս, Իգդիր, Բայազեթ, որից հետո մեր փոքրիկ խումբը հասավ ոտքով ճանապարհորդության սկզբնակետին»,- ասում է նա:

Ըստ Գայանեի` Արարատ լեռան դժվարանցանելի հատվածը սկսվում է 3100 մետր բարձրությունից` սկզբից քարքարոտ ուղի, այնուհետև ձյան շերտ (4200մ) և ցածր ջերմաստիճան (5000մ):

«44 աստիճան էր, բնականաբար հեշտ չէր քայլելը, բայց ես մարզված էի: Ինքս էլ չէի պատկերացնում, որ այդքան ուժեղ եմ, ամուր և համառ: Այստեղ հայտնաբերեցի այնպիսի գծեր, որոնք կարծում էի չունեմ: Սարն այն տեղն է, որտեղ ցանկացած մարդ բացահայտում է իրեն, ինչու չէ` նաև իր ընկերներին»,- նշում է Գայանեն:

Արշավներին Գայանեն կնոջ բծախնդրությամբ է պատրաստվում և նույնը պահանջում է արշավախմբի բոլոր անդամներից, քանի որ համոզված է, որ «էքստրեմալ իրավիճակներում ամենափոքր մանրուքը կարող է էական ազդեցություն ունենալ արշավի ընթացքի վրա»:

Չնայած այն դժվարություններին, որոնց Գայանեն բախվել է իր արշավների ընթացքում` սողացող հող, գիշերային ճանապարհ, թթվածնի պակաս, լուրջ այտուցներ ստանալու մեծ հավանականություն, բարձրություններ հաղթահարելը դարձել է նրա կյանքի բաղկացուցիչ մասը:

Գայանեն ասում է, որ մարդու հոգեկան աշխարհը փոխվում է բարձրության վրա, իսկ որոշ դեպքերում նաև ակտիվանում է վախի զգացումը: «Ինձ հետ շատ է եղել` ուզում ես լաց լինել կամ կռիվ անել, վատ բաներ ես հիշում: Այդպիսի իրավիճակներում մարդու էությունն ի հայտ է գալիս, էքստրեմալ պայմաններում մարդն իրեն դրսևորում է այնպես, ինչպիսին որ ինքն իրականում է»:

135 Ռ.Ն.Արարատ բարձրացող խմբի անդամները չէին հավատում, որ Գայանեն կհասնի լեռան գագաթ, բայց երբ նա հաղթահարեց 4000 մետրի շեմը, նրա ամուսինը` Անդրանիկը, համոզվեց, որ Գայանեն մինչև վերջ բարձրանալու է:

«Մի պահ 5000 մետրի վրա նույնիսկ մտածեցի չբարձրանալ, հետո ինքս ինձ հավաքեցի և սկսեցի քայլել. վաղուց արդեն սկսել էր թթվածնի պակասը և էմոցիոնալ պիկը: Ես գիտակցում էի, որ այդքան դժվարություն հաղթահարելուց հետո կեսից վերադառնալը պարտության նման մի բան է, սարսափելի հիասթափություն»,- հիշում է Գայանեն:

Չորս օր անընդմեջ դժվարություններ հաղթահարելուց հետո Գայանեն հասավ Արարատի գագաթը և լեռնագնացների կողմից արժանացավ լեռների թագուհու անվանը:

«Արարատը հասարակ լեռ չէ, իզուր չէ այն «անհաս փառքի ճամփա»,- ասում է նա:

«Այն, ինչ ես հաղթահարեցի, ամեն կնոջ բան չի: Շատ հայ կանանց դերը մեր հասարակության մեջ միայն կենցաղային խնդիրների լուծումն է, սակայն ես կարծում եմ, որ այդ կարծրատիպն ինչ-որ չափով կոտրել եմ»: 

Լուսանկարները տրամադրել է Գայանե Հովհաննիսյանը:

Աղբյուր` JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել