The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Իրան
Մարտ 21, 2012
Պարսկական արահետ - 2. Իրանում հայկական ռադիոն ամենահներից է
Նվարդ Հովհաննիսյան
«ՋեյՆյուզ»
Պարսկական արահետ - 2. Իրանում հայկական ռադիոն ամենահներից է
IRIB-ի գլխավոր մասնաշենքը

Իրանի ազգային ռադիոհեռուստահեռարձակող ընկերության (IRIB) տարածք այցելելիս ես ստիպված էի կրել իսկական հիջաբ և ոչ թե պարզապես գլխաշոր, ինչպես անում էի մնացած վայրեր գնալիս, իսկ վերարկուիս տակից կրում էի նաև ռուփուշ (մինչև ծունկը հասնող խալաթանման զգեստ):

IRIB-ի (Islamic Republic of Iran Broadcasting) տարածքում է գտնվում Իրանի միակ հայկական ռադիո խմբագրությունը, որի աշխատակազմի հետ էլ գնում էի հանդիպման:

Ընդհանրապես Իրանի պետական հաստատություններում շատ խիստ են վերաբերվում "dress code"-ին: Ու թեև այստեղ գալու համար կարծես ամեն բան ճիշտ էի արել, միևնույն է, իմ մուտքն անխոչընդոտ չանցավ:

IRIB-ի կենտրոնական ընդունարանի երկու կին աշխատողները ստուգում էին կին այցելուների և աշխատակիցների հագուկապը: Իմ այցելության ժամանակ նրանցից մեկը Ղուրան էր կարդում, մյուսն էլ սկսեց զբաղվել ինձնով: Վերջինիս դուր չեկավ այն, որ իմ տաբատը նեղ էր և ոչ թե երկարաճիտ կոշիկներիս վրա էր, այլ տակը: Նրանք արդեն մտադրված էին ինձ ներս չթողնել, սակայն երբ իմացան, որ արտասահմանցի եմ, առավել ևս հայ, որոշեցին թույլատրել: Զուր չեն ասում, որ Իրանում հայերի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք կա:

Չմոռանամ ասել, ոչ ինձ ուղեկցող հայկական խմբագրությունում աշխատող լրագրողը նախապես խորհուրդ էր տվել ավտոմեքենայի մեջ թողնել պայուսակումս առկա ողջ շպարման միջոցները` ստուգման ժամանակ լրացուցիչ խնդիրներից խուսափելու համար:

IRIB-ը միավորում է Իրանի շուրջ 11 ռադիոկայաններ («Իրան», «Թեհրան», «Ֆարհագ», «Ջավան», «Մարզական», «Ղուրան և Մարեֆ», «Առողջապահություն», «Փայամ», «Երկխոսություն և Բիզնես»), ինչպես նաև ունի արտասահմանյան թողարկումների ծառայություն, որը 30 լեզուներով հաղորդումներ և նորություններ է թողարկում աշխարհի տարբեր երկրների համար: IRIB-ն իր մեջ է ներառում նաև 8 ազգային հեռուստաալիքներ, (Channel 1` պետական հեռուստաալիք, Channel 2` կրթական և գիտական ալիք, Channel 3` երիտասարդական, Channel 4` ինտելեկտուալ և կրթված մարդկանց համար, Channel 5` հեռարձակվում է միայն Թեհրանում, The news channel` լրատվական ալիք և Ղուրանի ու իսլամական կրթության, ուսուցման ալիք, չորս միջազգային և 30 մարզային հեռուստաալիքներ: «Սիմա Ֆիլմ» փրոդաքշնը, էլեկտրոնային և տպագիր մամուլի մի շարք ընկերություններ, երաժշտության և երգերի կենտրոնը ևս Իրանի ազգային ռադիոհեռուստահեռարձակող ընկերության կազմում են:

IRIB-ի տարածքում առկա շենքերը և կայանված տասնյակ մեքենաները հուշում են, թե ինչ հսկա աշխատակազմ ունի այս ընկերությունը: Տարածքում կա նաև մզկիթ` հատուկ IRIB-ի աշխատակիցների համար:

Հայկական ռադիո խմբագրությունը մեկն է IRIB-ում առկա 30 օտարալեզու ռադիոժամերի խմբագրություններից, որոնք կենտրոնացած են այստեղ գտնվող շենքերից մեկում: Բացի հայկական խմբագրությունից այստեղ կան նաև ադրբեջաներեն, անգլերեն, արաբերեն, չինարեն, ճապոներեն, քրդերեն, իտալերեն, ալբաներեն, ռուսերեն և այլ լեզուներով խմբագրություններ, որոնք թեև գործում և աշխատում են իրենց ազգային լեզուներով, սակայն ունեն միանման ձեռագիր և միևնույն նպատակը. այն է' Իրանի իսլամական հանրապետության քաղաքականության միասնական տարածումը ներքին և արտաքին ունկնդրի համար:

Եվ այսպես, անցնելով ամենադժվար` "dress code"-ի քննությունը, ես ուղևորվեցի դեպի օտարալեզու ռադիոթողարկումների շենք, որի 3-րդ հարկում գտնվում է հայկական ռադիոժամերի խմբագրությունը:

Խմբագրությունը ունի շուրջ 65 տարվա պատմություն և լրատվական գործունեության բնագավառում աշխատող ամենահին ռադիոներից է:

Հայկական ռադիոժամի գլխավոր խմբագիրը Տիգրան Պողոսյանն է, ով խմբագրության ամենատարեց աշխատակիցն է և այստեղ աշխատում է շուրջ 30 տարի: Ինչպես նա է ասում, ռադիոյում սկսել է աշխատել Իրանի իսլամական հեղափոխությունից մի քանի տարի անց:

«Ավելի քան 5 տարի է թոշակի եմ անցել, բայց ինձ նորից հրավիրեցին խմբագրություն աշխատանքի»,- ասում է պարոն Տիգրանը:

141 Խմբագրությունն ունի 12 աշխատակից, որոնցից միայն երկուսն են ազգությամբ պարսիկ: Օրվա լրատվությունը ապահովում է հայաստանյան թղթակից Ժորժ Աբրահամյանը, ով այս խմբագրության երկու լրագրողներից մեկն է: Մյուսը' Կարինե Դավթյանն է Թեհրանից: Մնացած բոլոր աշխատակիցները թարգմանիչներ և հաղորդավարներ են:

Աշխատանքային օրն այստեղ սկսվում է վաղ առավոտյան: Ալվինա Բաղդասարյանը, ով զբաղվում է հայկական կայքերի նորությունների լրաքաղով, խմբագրություն է գալիս հիմնականում առավոտյան վեցին: Նախ, ինչպես ինքն է ասում, «պտտվում է» հայկական կայք-էջերում և Հայաստանին վերաբերող հետաքրքիր լուրերից ընտրաքաղ է անում իրենց հայկական ռադիոյի Armenian.irib.ir ինտերնետ տարբերակի համար: Իսկ առավոտյան ութին արդեն սեփական լրատվությունն ուղիղ եթերի միջոցով հաղորդում է Հայաստանի ունկնդրին: «Եթեր եմ տալիս լուրեր, քաղաքական մեկնաբանություն, օրվա թերթերի ծանոթություն»,- ասում է Ալվինան:

Հայերեն ռադիոժամը ամեն օր եթերում լինում է 2 ժամ կարճ ալիքների հաճախականությամբ, որոնք հնարավորություն ունի լսելու նաև Հայաստանի ունկնդիրը և 30 րոպե` FM 99.5 մեգահերց հաճախականությամբ, որը հասանելի է միայն Թեհրանում:

Ըստ խմբագիր Տիգրան Պողոսյանի, հայերեն ռադիոժամի եթեր տրվող նյութերի մոտ 90%-ը թարգմանություններ են պարսկերենից: Նա նշում է, որ զուտ քաղաքական նյութերը գրվում և խմբագրվում են պարսկերենով, իսկ հայերեն ռադիոժամը դրանք միայն թարգմանում է: Ըստ նրա, բոլոր ծրագրերը մշակվում և պատրաստվում են հատուկ աշխատանքային խմբերի կողմից.

«Մի խումբը մեկնաբանություններ է պատրաստում օրվա հարցերի հետ կապված, մյուս խումբը օրվա լրատվությամբ է զբաղվում: Բոլոր բաժինների նյութերը` հայերեն, անգլերեն, գերմաներեն, թե մեկ այլ, նախ գրվում է պարսկերենով և հետո թարգմանվում տվյալ խմբագրության լեզվով»,- նշում է խմբագիրը:

Լուսաբանման կենտրոնում են այն իրադարձությունները, որոնք առնչվում են ներքին զարգացումներին, օրինակ` ընտրություններ, նոր օրենքի ընդունում, հարևան երկրների հետ հարաբերություններ, համաժողովներ, գիտաժողովներ, պարբերաբար լինում են նաև Իրանի խորհրդարանի հայ պատգամավորների հետ հարցազրույցներ:

Հայկական խմբագրության պատրաստած սեփական նյութերը օրվա լրահոսում կազմում եմ միայն մի փոքր հատվածը:

Պողոսյանը, լինելով խմբագրության ամենատարեց աշխատողը, ասում է, որ այժմ մասնագիտական գործունեություն ծավալելու առումով ամեն ինչ շատ ավելի հեշտ է:

«Մեզ չեն նեղացնում, դեռ ընդհակառակը` ավելի է լավացել: Տեխնոլոգիայի զարգացման հետ համընթաց մեզ արագ հաղորդակցվելու հնարավորություններ են ընձեռվում: Հիմա բավականին հուսալի պայմաններ կան, մենք չունենք հատուկ դժվարություններ խոսքի ազատության հետ կապված: Բաներ կան, որ երբեմն պետք է հարցնենք' կարելի՞ է, թե չէ` կապված արտաքին և ներքին քաղաքականության հետ»,- ասում է նա` հավելելով, որ արդեն յուրացված են այն սահմանները, որոնց շրջանակներում խոսվում կամ բարձրացվում են հարցերը:

Խմբագրի կողմից. Լրագրող Նվարդ Հովհաննիսյանն այս հարցազրույցն իրականացրել է իր մասնագիտական երկշաբաթյա վերապատրաստման ընթացքում, որն անցել է Իրանի Իսլամական Հանրապետությունում գործող հայկական «Ալիք» օրաթերթի խմբագրությունում: Իրանում հայկական լրատվամիջոցների և առհասարակ այս երկրում լրագրողների մասնագիտական գործունեության վերաբերյալ Նվարդի պատրաստած այլ նյութերին ծանոթացեք այստեղ և այստեղ:

Աղբյուր` JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել