The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՀԵՏԱԶՈՏՈՒՄ
Հունվար 21, 2011
Հայկական մեդիա 2010. Հեռուստաեթերի բազմակարծությունը առավել նվազեց
Աննա Իսրայելյան
«ՋեյՆյուզ»
Հայկական մեդիա 2010. Հեռուստաեթերի բազմակարծությունը առավել նվազեց

2011 թ-ի հունվարի 21-ի առավոտյան Հայաստանի հեռուստադիտողները հարկադրված էին վերստին ծրագրավորել իրենց հեռուստացույցերի ալիքները: 2002 թ-ից մշտական դարձած ալիքների ցուցակում այլևս բացակայում էին «ԱԼՄ»-ն և «TV5»-ը: Գործարար Հրանտ Վարդանյանին պատկանող երկու հեռուստաընկերությունների` «Հայրենիքի» և «Ար»-ի փոխարեն եթերում նշանով մնաց «Ար»-ը, որը բովանդակությամբ արդեն «Հայրենիք» էր: Կապուղին կորցրեց նաև «Շողակաթ»-ը, որն այսուհետ հեռարձակվելու է Հանրային հեռուստաընկերության «Արարատ» հեռուստաալիքի փոխարեն:
Եթերում հեռուստաալիքների նման փոփոխությունները 2010 թ-ին «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի փոփոխությամբ սկսված թվայնացման գործընթացի հետևանք էին:


2010թ-ին հեռուստաոլորտի շուրջ կատարվածի հետևանքով, ինչպես և կանխատեսվում էր, ոչ միայն բացառվեց իրապես բազմակարծություն ապահովող հեռուստաընկերությունների առկայությունն այս ասպարեզում, այլ փորձագետներն այժմ անգամ չեն բացառում ինտերնետային հեռարձակման առջև խոչընդոտների հարուցումը:


Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ 2010թ-ի հուլիսի 5-ի հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ասաց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ ինքը մտահոգություններ է արտահայտել ԶԼՄ-ների ազատության առնչությամբ. «Գիտեմ, որ ձեզնից շատերը մտահոգված են «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում կառավարության՝ վերջերս կատարած փոփոխություններով: Այդ մտահոգությունները կիսում են ԱՄՆ-ն, ԵԱՀԿ-ն և Եվրամիությունը: Ես արծարծեցի այս խնդիրները և պատասխան ստացա, որ կառավարությունը պատրաստ է այս աշնանը վերանայել նախագիծը»:


Արդյոք Հայաստանի իշխանությունը կատարե՞ց այս խոստումը` կանդրադառնանք վերջում, բայց մինչ այդ` հիշեցնենք, թե ինչ մտահոգություններ կային «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի` նոր խմբագրությամբ նախագծի առնչությամբ, որոնք վճռորոշ գործոններ դարձան հետագա մրցութային գործընթացում, որը կանխորոշելու է հայկական եթերի առաջիկա 10 տարիները:


Երևանի մամուլի ակումբը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ու Մամուլի աջակցության «Ինտերնյուս» հասարակական կազմակերպությունը մայիսի 18-ին հանդես էին եկել հայտարարությամբ, որում փաստարկված քննադատված էր կառավարության այս նախաձեռնությունը: Մասնավորապես, որ, պատճառաբանելով հեռարձակման թվայնացման օրենսդրական դրույթների ամրագրման անհրաժեշտությունը, նախագիծը պարունակում է դրան ընդհանրապես չվերաբերող այնպիսի դրույթներ, որոնք բազմիցս քննադատվել են հանրության կողմից: Օրինակ, հանվեց Հանրային հեռուստառադիոընկերության հաղորդումներն առևտրային գովազդով չընդհատելու պահանջը: Նշվել էր նաև, թե օրինագծում լուծում չեն տրվում այն կարևորագույն խնդիրներին, որոնք հետևողականորեն մատնանշվել են մի շարք լրագրողական, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների կողմից: Ասենք, օրինագծով արբանյակային հեռարձակման հնարավորությունը Հայաստանում շարունակում է կախված մնալ եթերային հեռարձակում ունենալուց, և ՀՌԱՀ-ին է իրավունք վերապահված արտոնել այդ ռեսուրսից օգտվելու հնարավորությունը: Կամ` օրենքի նոր խմբագրությամբ էլ չապահովվեց ՀՌԱՀ կազմի հասարակական-քաղաքական բազմազանությունը, հասարակության մասնակցությունը ՀՌԱՀ-ի ձևավորմանը, վերջինիս որոշումների ընդունման թափանցիկությունը:


Սակայն գլխավոր մտահոգությունն այս էր` օրենքի նման փոփոխությամբ հայկական եթերում առավել է պակասելու բազմակարծությունը: Հիմնավորումը մասնավորապես հետևյալն էր` արտոնագրման ենթակա հեռուստահեռարձակողների թիվը, ըստ կառավարության նախաձեռնության, 18-ն է` նախկինում առկա 22-ի փոխարեն: Մինչ այժմ էլ հանրության համար չեն հրապարակվել ՀՀ-ում անցկացված հեռուստատեսային հաճախականությունների աուդիտի արդյունքները, որոնք կապացուցեին հեռարձակողների նման կոնկրետ թիվ սահմանելու հիմնավորվածությունը: Եվ հունիսի 2-ին Ամերիկյան համալսարանում ելույթի ընթացքում Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը զարմանք էր արտահայտել, թե ողջ աշխարհում հեռուստաընկերությունների թվայնացումը հնարավորություն է ընձեռում ավելացնել ալիքների թիվը, իսկ Հայաստանում դրանց քանակը, չգիտես ինչու, պակասում է: Այս ամենը նաև լրջորեն հակասում էր ԵԽ Նախարարների կոմիտեի (2003)9 հանձնարարականին, ըստ որի՝ թվային հեռարձակման անցումը չպետք է կատարվի բազմազանության աստիճանը նվազեցնելու հաշվին:


Անկախ առկա բոլոր մտահոգություններից` ԱԺ-ն հունիսի 10-ին ընդունեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի նոր խմբագրությունը: Այն շարունակվում էր քննադատվել: Ասենք, հունիսի 15-ին հրապարակվեցին ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցչի գրասենյակի դիտողությունները, որոնցում արձանագրվել էին օրենքի բազմաթիվ դրույթներ, որոնք «չափազանց հեռու են ԵԱՀԿ-ի ժողովրդավարական չափորոշիչներից»: Նշված էր նաև, թե իրենց մի շարք հիմնական առաջարկներ հաշվի չեն առնվել, ընդհանրապես անտեսվել են: Դրանցից էին. «Հստակ տարբերակում մտցնել արբանյակային, բջջային, ինտերնետային հեռարձակման և ոչ գծային տեսաձայնային ծառայությունների կարգավորման մասով», «Բարեփոխել Հանրային հեռուստատեսության և ռադիոյի խորհրդի անդամների ընտրության ու նշանակման կարգը՝ ապահովելու բազմակարծիք հանրային հեռարձակում»:


«Human Rights Watch»-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի գործադիր տնօրեն Հոլի Քարթները հունիսի 15-ին նամակով դիմեց ՀՀ նախագահին՝ մասնավորապես նշելով, թե օրենքում վերջին փոփոխություններն, ամենայն հավանականությամբ, բացասական ազդեցություն կունենան Հայաստանում ԶԼՄ-ների բազմակարծության և տեղեկատվության ու կարծիքների բազմազանությանը հանրային մատչելիության վրա»:


Նկատենք, որ արդեն տարեկեսին իրականացան այս կապակցությամբ արված բոլոր հոռետեսական կանխատեսումները:
ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի առաքելության ղեկավար, դեսպան Յան Քելլին Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում հունիսի 10-ին հայտարարել էր, թե «այդ փոփոխությունները կնվազեցնեն էլեկտրոնային լրատվամիջոցների բազմակարծությունը, ինչպես նաև հայ հանրության համար բազմազան տեղեկատվության և կարծիքների մատչելիությունը»:


Իսկ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի հատուկ զեկուցող Մարգարետ Սեկագիան հունիսի 18-ին նշել էր. «Այս լրացումներն ու փոփոխություններն էլ ավելի կսահմանափակեն ու լրջորեն կխոչընդոտեն հայ հասարակությանը հասանելի ձայների և կարծիքների բազմազանությանը»:


ԵՄԱ-ը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն և «Ինտերնյուս»-ը նշել էին. «Լիցենզիաների սահմանված թիվը ենթադրում է, որ ներկայումս գործող որոշ հեռուստաընկերություններ կզրկվեն լիցենզիաներից, դա իր հերթին նշանակում է, որ քիչ հավանական է դառնում նորերի՝ այդ թվում միգուցե արդեն իսկ թվային հեռարձակմանը պատրաստ ընկերությունների՝ շուկա մուտք գործելը»:


Տարեվերջին անցկացված մրցութային գործընթացի արդյունքում ակնհայտ դարձավ` հեռուստադաշտում իրոք չհայտնվեցին նոր ընկերություններ: Ավելին` ողջ գործընթացը վերածվեց գերազանցապես իմիտացիայի` մրցույթներում իրական մրցակցության բացակայության պատճառով: Ակնհայտ էր, որ հեռուստաընկերությունների միջև կայացվել էր մինչմրցութային համաձայնություն` նախապես որոշվել էր, թե որ մեկը որ կապուղու համար է հայտ ներկայացնելու: Եվ հանրապետական ու մայրաքաղաքային հեռարձակման համար հայտարարված 18 մրցույթներից միայն 2-ի դեպքում կար երկուական մասնակից:


Այդ երկու մրցույթներից մեկին հայտ էր ներկայացրել 2002թ-ին չհիմնավորված որոշումով եթերից զրկված «Ա1+»-ը: Իսկ մարզային 10 մրցույթներից 8-ին մասնակցում էին մեկական մասնակիցներ, և միայն 2-ի դեպքում կար իրական մրցակցություն: Բնականաբար՝ այդ 2-ից մեկը իշխանությունների կողմից չվերահսկվող մյուս հեռուստաընկերությունն էր` Գյումրիի «Գալա»-ն, որը մրցույթի արդյունքում չստացավ թվային հեռարձակման հնարավորություն: Իսկ «Ա1+»-ը դարձյալ չկարողացավ վերադառնալ եթեր:


Մրցութային գործընթացում անտեսվեց ԵՄԱ առաջարկը, որպեսզի ՀՌԱՀ-ը ներգրավի փորձագետների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների` զուգահեռ հայտերի փորձաքննություն իրականացնելու համար: Անտեսվեց նաև Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ՀՌԱՀ կայքում մրցութային բոլոր հայտերը հրապարակելու առաջարկը:


Ուստի որևէ անկախ աղբյուրից չհավաստված իրողությունների պայմաններում դժվար է հավատ ընծայել ՀՌԱՀ-ի կայացրած որոշումների նկատմամբ, հուսալ, թե ցուցաբերվել է անաչառ ու հավասար մոտեցում, մանավանդ, որ այս մարմինը շատ վաղուց է ապացուցել, որ հատկապես «Ա1+»-ի նկատմամբ դրսևորում է ընդգծված կողմնակալ և խտրական վերաբերմունք, ըստ ամենայնի` թելադրված քաղաքական նպատակահարմարությամբ:


Այս հեռուստաընկերությունից բացի` այլոց մրցութային առաջարկներում ներառված խոստումները ՀՌԱՀ-ը երբեք մանրակրկիտ չի ուսումնասիրել և հետագայում էլ չի հետևել դրանց կատարմանը: Մի օրինակ` այս մրցույթում «Ա1+»-ի մրցակիցը` «Արմնյուզը», 2003-ին իր մրցութային առաջարկին կցել էր «Մաքս կոնցեռնի» հավաստագիրը, որ հետագա 7 տարիների ընթացքում իրականացնելու են 2,5 մլն դոլարի ներդրումային ծրագիր, սակայն այն չէր իրականացվել` հենց «Մաքս կոնցեռնի» սեփականատերերից մեկի մամուլում արված հայտարարության համաձայն:


Այսուհանդերձ` մրցութային 2002-2003թթ-ի գործընթացից հետո Հայաստանի որևէ հեռուստաընկերություն երբեք տույժի չի ենթարկվել արտոնագրի պայմանները չկատարելու կամ օրենսդրության դրույթները չպահպանելու համար: Թեև անգամ հեռուստաեթերին անհատապես հետևող վերլուծաբանները երկու դեպքում էլ արձանագրել են բազմաթիվ խախտումներ: Եվ մրցութային հայտերը գնահատելիս էլ ՀՌԱՀ-ը հաշվի չառավ, թե որքանով են տվյալ հեռուստաընկերություններն իրենց տված ֆինանսական, տեխնիկական ու ծրագրային նախորդ խոստումները կատարել անցած տարիների ընթացքում:


Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն ամփոփելով մրցութային գործընթացը` ասել էր. «Ես դա համարում եմ ցուցադրական մարտահրավեր կամ, օգտագործելով «Freedom house»-ի բնորոշումը, նաև ապտակ Հայաստանին և միջազգային հանրությանը: Դա իրոք ապտակ էր, թե տեսեք՝ չնայած դուք համարում եք, որ երկրում չկա բազմակարծություն, բայց այլ գրեթե բոլոր ալիքները ստանում են առավելագույն գնահատականներ, իսկ դա նշանակում է, որ նաև իրենց բազմակարծությունն է գնահատվում շատ բարձր, իսկ «Ա1+»-ը գնահատվում է զրո»:


Այդ գնահատականի վերաբերյալ ՀՌԱՀ-ի հիմնավորմանը չենք անդրադառնում, քանի որ այս որոշման կապակցությամբ դեռ սպասվում է դատական գործընթաց:


Վերջում անդրադառնանք Հիլարի Քլինթոնին տված խոստմանը: Սեպտեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահն առաջարկել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ղեկավարությամբ ստեղծել աշխատանքային խումբ՝ հեռուստատեսային հեռարձակման թվայնացման գործընթացի օրենսդրական կարգավորման աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով: Աշնանն այդպես էլ չկատարվեցին փոփոխություններ: Տարեվերջին խմբում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները խոստովանեցին, թե աշխատանքները «շատ դանդաղ են ընթանում, և որևէ սկզբունքային հարցի շուրջ առայժմ վերջնական որոշում կամ որևէ դրույթի վերջնական ձևակերպում չկա խմբում»:


Դարձյալ հիշեցնենք, որ գործող օրենքով` հստակ տարբերակում չկա արբանյակային, բջջային, ինտերնետային և հեռարձակման այլ ձևերի միջև: Իսկ ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը դեռ 2009թ-ի նոյեմբերին մեր դիտարկմանը, թե արտոնագիրը տրամադրվում է կոնկրետ կապուղու համար և չի կարող վերաբերել հեռարձակման ընդհանրապես բոլոր ձևերին՝ այսպես էր արձագանքել. «Հեռուստահեռարձակումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված է որպես գործունեության ձև, և, ըստ էության, հեռուստահեռարձակող համարվում են օրենսդրությամբ արտոնագրված ընկերությունները»:
Սա հաշվի առնելով՝ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը մտավախություն էր հայտնել, որ այժմ՝ մրցութային գործընթացի ավարտից հետո, կարող է փորձ արվի խոչընդոտել նաև համացանցային հեռարձակումը. «Ինտերնետը զարգանում է, և ավելանում է ինտերնետով հեռարձակում իրականացնելու և քաղաքացիների կողմից այն դիտելու հնարավորությունը: Մոտենում է ընտրությունների հերթական փուլը, և պարզ է, որ այս պայմաններում կարելի է սպասել այդպիսի փորձերի»:


Աննա Իսրայելյանը փորձառու լրագրող է և աշխատում է «Առավոտ» օրաթերթում 1997թ-ից


Աղբյուր` JNews.am


image source

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել