The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՀԵՏԱԶՈՏՈՒՄ
Ապրիլ 19, 2011
Mega Мagazines. ամսագրերը ծաղկում են թերթերի մոխրագույն ֆոնին
Գայանե Միրզոյան
«ՋեյՆյուզ»
Mega Мagazines. ամսագրերը ծաղկում են թերթերի մոխրագույն ֆոնին

Հայաստանում գնալով աճում է ժամանցային ամսագրերի թիվը, այն դեպքում, երբ օրաթերթերի խմբագիրները բողոքում են թերթերի ընթերցանության ցածր մակարդակից: Ըստ ՀՀ արդարադատության նախարարության տվյալների՝ վերջին երեք տարվա ընթացքում Հայաստանում ավելացել է 52 անուն ժամանցային թերթ ու ամսագիր: Եվ այս թիվը կազմում է պետռեգիստրում գրանցված ընդհանուր` 1159 անուն տպագիր լրատվամիջոցների ընդամենը 4%-ը: Սրանցից 759-ը թերթեր են, իսկ 364-ը ամսագրեր:

«Պսպղուն» ամսագրերի շուկան Հայաստանում սկսեց զարգանալ 2004 թվականից: Հենց այդ ժամանակ լույս տեսան այնպիսի ամսագրեր, ինչիպիսիք են «Աֆիշա»-ն, «Elite Life»-ը, «Երևան»-ը: Հետագայում դրանց թիվը կտրուկ կաճի և հիմնականում կքարոզեն շքեղ ապրելակերպ` թանկարժեք մեքենաներ, եվրոպական բրենդերի հագուստ և կարևորը, որ ամեն ինչ էքսկլյուզիվ` հատուկ ամսագրի ընթերցողի համար:

Մինչդեռ փոքր շուկայի հետևանքով, որը գործնականում սահմանափակվում է համահայկական մայրաքաղաքով, նմանատիպ ամսագրերից շատ քչերին է հաջողվում կայուն դիրք գրավել: «Design Delux» ամսագրի գլխավոր խմբագիր Հասմիկ Շամցյանի խոսքերով՝ ամսագրի բովանդակությունը չի սահմանափակվում անվանման թելադրած թեմայով: «Մենք փորձում ենք ընթերցողների մեծ լսարան հավաքել ինչպես դիզայնի մասնագետների, այնպես էլ ոչ մասնագետների շրջանում: Այդ պատճառով էլ գրում ենք ոչ միայն ճարտարապետության և դիզայնի մասին, այլ նաև մշակութային իրադարձությունների մասին առհասարակ», - ասում է Շամցյանը:

Ժամանցային ամսագրերը, որոնց տպաքանակը շատ դեպքերում չի գերազանցում 5000 օրինակը, կրպակներում վաճառվում է 800-2500 դրամով(օրաթերթերը Հայաստանում արժեն 100-150 դրամ և ունեն սահմանափակ քանակությամբ վճարովի հայտարարություններ): Այնուամենայնիվ, այդ ամսագրերից շատերը թերթելով՝ հաճախ տպավորություն է ստեղծվում, որ խմբագրությունն աշխատում է ոչ թե ընթերցողի, այլ գովազդատուի համար. մեծ է պրոմո-տեքստերի և գովազդների քանակը: Սա կապված է այն բանի հետ, որ տպաքանակի մի մասը բաժանվում է ռեստորաններում, բարերում, սրճարաններում, գեղեցկության սրահներում և այլ հասարակական վայրերում: «Միայն ամսագրերի վաճառքով եկամուտ ապահովելն անհնար է: Հիմնական եկամուտը գալիս է գովազդատուներից, իսկ վաճառքը փոքր  տոկոս է կազմում», - ասում է Իլյա Մանթառլյանը, ով 2004 թվականին հիմնադրել է «Night People Yerevan» ամսագիրը Երևանի գիշերային կյանքի մասին:

Իլյայի կարծիքով՝ վաճառքը PR-արշավի միայն մի մասն է: «Գովազդատուին, իհարկե, ձեռնտու է, որ ամսագիրն անվճար բաժանվի և ոչ թե մնա կրպակներում», - նշում է նա: Հայկական շատ ամսագրերի սեփականատերեր այսօր փորձում են ելք գտնել դեպի միջազգային շուկա՝ Ռուսաստան, ԱՄՆ, Վրաստան, որպեսզի զարգացնեն բիզնեսը և մնան մրցունակ: Նման ձեռներեցներից է Իլյա Մանթառլյանը, ով այսօր Թբիլիսիում տպագրում է երկլեզու (վրացերեն/անգլերեն) «Inside Georgia» ամսագիրը:

Համեմատելով երկու հարևան երկրները՝ Իլյան նկատում է, որ Երևանում ներկայացված են մի քանի խոշոր բրենդեր, որոնք չկան Թբիլիսիում և խոշոր գովազդատու են հանդիսանում:

«Մյուս կողմից Թբիլիսիում լավ հիմքերի վրա է դրված տուրիզմը, հանգստի և ժամանցի ոլորտը, որոնք տարեց տարի էլ ավելի են զարգանում», - ավելացնում է նա:

Վրաստանի հիշարժան վայրերի մասին պատմող ամսագրի հիմնադիրը նախատեսում է ընդգրկել նաև տեղեկություններ Հայաստանի մասին: «Մենք ուզում ենք վրացի ընթերցողներին ներկայացնել Հայաստանը, որոնք այնքան էլ տեղեկացված չեն մեր երկրի մասին, ինչպես նաև դրանով գրավել հայկական գովազդատուներին: Այդպիսով մեր ամսագիրը կամուրջ կհանդիսանա երկու երկրների միջև», - ասում է Իլյան:

86 2011 թվականը հայկական մեդիաբիզնեսում նշանավորվեց հայտնի ամերիկյան բրենդի՝ «Cosmopolitan» ամսագրի գալստով: Շուկայի ներկայացուցիչների խոսքերով՝ առաջին հայերեն բրենդային ամսագիրը միայն կնպաստի երկրում շուկայի զարգացմանը: «Իմ գործընկերները՝ տեղական ամսագրերի սեփականատերերը, միակարծիք են, որ համաշխարհային բրենդերի ի հայտ գալը շուկայում կօգնի ավելացնել գովազդի գինը», - ասում է Իլյա Մանթառլյանը:

Մինչ հիմա Հայաստանում ամենաբարձր գովազդային գին սահմանողներից է ռուսերեն լեզվով «Երևան» ամսագիրը (խմբագրությունները Մոսկվայում և Երևանում), որի տպաքանակը կազմում է 120000 օրինակ և տարածվում է Ռուսաստանում, Ուկրաինայում, Հայաստանում, Վրաստանում և ԱՄՆ-ում: Գովազդի մեկ էջի գինը կազմում է մոտ 11000 ԱՄՆ դոլար, իսկ շապիկի գովազդը՝ ավելի քան 21000 դոլար: Տեղական ամսագրերում, ինչպիսին է օրինակ «El Style»-ը, գովազդի մեկ էջի գինը տատանվում է 130-640 դոլարի սահմաններում, իսկ առաջին էջում գովազդի գինը հասնում է մինչև 2300 դոլարի:

Հայկական «Cosmo»-ն խաղալու է իր կանոններով. ներկայացուցիչներն ասում են, որ գովազդի գինը ավելի բարձր է լինելու, քան մյուս ամսագրերում, իսկ համարի գինը` ավելի մատչելի (կրպակներում արդեն վաճառվում է «Cosmo»-ի փոքր և մեծ տարբերակները` 1000 և 1300 դրամ):

«Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի «Cosmopilitan»-ը հայերենով հասանելի լինի երկրի բոլոր երիտասարդ կանանց», - ասում է ամսագրի գլխավոր խմբագիր Հրաչուհի Ութմազյանը (ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանի դուստրը):

Ամսագիրը, որի անդրանիկ համարը լույս է տեսել 2011թ-ի մարտին, ունի 5000 տպաքանակ և անվճար չի բաժանվելու:

«Հայկական ամսագրերին լավագույն դեպքում հաջողվում է վաճառել 3000 օրինակ: Մենք ուզում ենք հաղթահարել այդ սահմանը: 1 ամսագրին միջին հաշվով հասնում է 5 ընթերցող», - ասում է Հրաչուհի Ութմազյանը:

Մինչդեռ Հայաստանում ամսագրերի բաժանորդագրումների թիվը մնում է անփոփոխ՝ տարեկան 400 օրինակ: Այս մասին պատմեց «Հայմամուլ» ընկերության տնօրեն Արշալույս Մանուկյանը, ով զբաղվում է թերթերի բաժանորդագրմամբ:

«Վերջին տարիներին շատ կազմակերպություններ, կապված ֆինանսական ճգնաժամի հետ, նվազեցնում են իրենց բաժանորդագրման ծախսերը, և մենք դժվարությամբ ենք պահում նույն մակարդակը: Բայց այսօր պահանջարկ են վայելում գիտական և մասնագիտական ամսագրերը Ռուսաստանից», - նշում է Արշալույս Մանուկյանը:

Աղբյուր` JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել