The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՀԵՏԱԶՈՏՈՒՄ
Հունիս 22, 2011
Գնե՞լ, թե՞ չգնել նոր հեռուստացույց. Հայաստանում հեռուստադիտողն անմասն չի մնա թվայնացմանն անցնելու գործընթացից
Գայանե Միրզոյան
JNews-ի թղթակից
Գնե՞լ, թե՞ չգնել նոր հեռուստացույց. Հայաստանում հեռուստադիտողն անմասն չի մնա թվայնացմանն անցնելու գործընթացից
Դեկոդերը օգնում է թվային սիգնալը դարձնել անալոգային

Համաձայն 2006թ-ին հաստատված Միջազգային հեռահաղորդակցության միության համաձայնագրի, Հայաստանը 2015 թ-ի հունվարից ռադիոհաղորդումների և հեռուստահաղորդումների անալոգային հեռարձակման տարբերակից պետք է անցնի թվային տարբերակի:

Թվային հեռարձակման առավելությունը ոչ միայն առավել անարգել հեռարձակման ու պատկերի և ձայնի բարձր որակի մեջ է, այլև միևնույն հաճախականությամբ մի քանի հեռուստածրագրերի հեռարձակման հնարավորության, ինչպես նաև թե հեռարձակողների և թե հեռուստադիտողների համար ստեղծվող մի շարք նոր տեխնիկական հնարավորությունների: Այսօր արդեն թվային հեռարձակման առավելությունը Երևանում կարող են գնահատել մալուխային և IP-հեռուստատեսության 3 օպերատորների բաժանորդները:

Ըստ պաշտոնական տվյալների` Հայաստանում հեռարձակման նոր ձևաչափին ամբողջական անցումը կարժենա շուրջ 30 միլիոն դոլար: Ինչպես նշում է Հայաստանում ռադիո և հեռուստահաղորդումների հեռարձակման թվային համակարգի ներդրման միջգերատեսչական հանձնաժողովի տեխնիկական հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Սիմոն Աղաջանյանը` այս գումարը կտրամադրվի փուլ առ փուլ, սակայն ավելացնում է, որ ֆինանսավորման աղբյուրներն առայժմ հայտնի չեն և հաստատված չեն:

Ակնկալվում է, որ նախագիծը հիմնականում կիրականացվի միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից տրամադրվող անտոկոս վարկերի հաշվին: Դրանք մարելու համար բացառված չէ, որ պետությունն արդյունքում սեփականաշնորհի թվային պետական հեռուստառադիոհեռարձակող ցանցի մի մասը:

«ՀՀ Կառավարությանը ներկայացվել է Հայաստանում թվային հեռուստառադիոհեռարձակման ներդրման աշխատանքների կատարման ժամանակացույցի և գործողությունների հաստատման վերաբերյալ կառավարության որոշման նախագիծ»,- նշում է Աղաջանյանը:

Թվայնացումը կսկսվի Երևան քաղաքից և Արարատյան դաշտավայրից, որտեղ կենտրոնացած է Հայաստանի բնակչության 50 տոկոսը: Բացի այդ, ինչպես նշում է փորձագետը, բարենպաստ ռելիեֆն ու ենթակառուցվածքի զարգացումն այս շրջանում պակաս ծախսատար կլինեն:

Մրցութային հիմունքներով 4 մուլտիպլեքսներում (3-ը մայրաքաղաքային, 1-ը` հանրապետական) ընդգրկված բոլոր հեռուստածրագրերի դիտումը կլինի անվճար: Նշենք, որ մայրաքաղաքային 3 մուլտիպլեքսներից յուրաքանչյուրը ներառում է 6 հեռուստա և 4 ռադիոհաղորդում, իսկ հանրապետական մուլտիպլեքսը` 9 հեռուստա (8 երևանյան և 1` տեղական) և 4 ռադիոհաղորդում:

«Անալոգային հեռարձակման անջատումից հետո ազատ հաճախականությունները կվաճառվեն մասնավոր օպերատորներին, որոնցում նրանք իրավունք կստանան շահագործելու մուլտիպլեքսներ, իսկ թե ինչ հաղորդումներ կհեռարձակվեն դրանցով, կորոշի շուկան»,- ասում է Աղաջանյանը: Այդ հեռուստահաղորդումների դիտումը, ամենայն հավանականությամբ, կլինի վճարովի: Այդ կերպ կմեծանա հեռուստատեսային բովանդակության մրցակցությունը:

Կփոփոխվեն նաև հեռուստաալիքների համար սահմանված պետական տուրքերը: Այսպիսով, ըստ «Պետտուրքի մասին» օրենքում կատարված փոփոխությունների, թվային հեռարձակմանն անցնելուն զուգահեռ 3 պետական մուլտիպլեքսներով հեռարձակվող հեռուստաալիքները Երևանում կվճարեն տարեկան 10 միլիոն դրամի չափով պետտուրք և տարեկան 20 միլիոն դրամի չափով`եթե ցանկանան հեռարձակվել նաև մարզային պետական մուլտիպլեքսով: Մարզային հեռուստաալիքների համար տարեկան պետտուրքը կկազմի 1 միլիոն դրամ:

Ըստ Աղաջանյանի` հառուստառադիոհեռարձակման հանրապետական թվային ցանցի կառուցման ողջ ընթացքում (2011-2014թթ) անալոգային և թվային հեռարձակումները կիրականացվեն զուգահեռաբար, իսկ 2015թ-ի հունվարի 1-ից Հայաստանը կանջատի անալոգային հեռարձակումը:

Մինչդեռ, ինչպես նշում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի հեռուստառադիոհեռարձակման թվայնացման համակարգին անցնելու գործընթացն ուսումնասիրող աշխատանքային խմբի փորձագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու Մարտին Այվազյանը, անալոգային հեռարձակումը պետք է հանվի բնական ճանապարհով: «Սրանում ինչ-որ պարտադրանք կա: Եթե համեմատենք սև ու սպիտակից գունավոր հեռարձակմանն անցնելու հետ, ապա այս երկու ձևաչափերն էլ զուգահեռ գոյություն ունեին այնքան ժամանակ, քանի դեռ բնակչությունն աստիճանաբար չանցավ գունավոր հեռուստացույցների»,- նշում է փորձագետը:

Ըստ փորձագետի` թվային հեռարձակման անցնելով` Հայաստանում մեծ «հեղաշրջում» տեղի չի ունենա, քանի որ հեռուստադիտողն արդեն սովոր է արբանյակային հեռուստաալիքների լավորակ հեռարձակմանը, իսկ հեռուստաստուդիաներում արդեն իրականացվում է թվային սարքավորումներով հեռուստաարտադրություն, ինչը հեռարձակելու համար ձևափոխվում է անալոգայինի:

Հեռարձակման նոր որակ ստանալու համար սպառողը նույնպես պետք է կատարի իր ներդրումը: Եթե չունեք վերջին մոդելի հեռուստացույց, ապա թվային ազդանշանի ստացման համար անհրաժեշտ կլինի դեկոդեր (ապակոդավորող սարք), ինչը թվային ազդանշանը կդարձնի անալոգային: Դեկոդերի արժեքը միջազգային շուկայում տատանվում է 15-120 դոլարի սահմանում: Միջին որակի դեկոդերի արժեքը շուրջ 30 ամերիկյան դոլար է:

Հայաստանի 100 000 սոցիալապես անապահով ընտանիքների համար նախատեսվում է տրամադրել անվճար դեկոդերներ և անտենամալուխային համակարգ: «Պետք է նշել, որ 2006թ-ից հետո արտադրված հեռուստացույցների մեջ սխեմատիկորեն տեղադրված է թվային դեկոդեր, ուստի լրացուցիչ դեկոդեր գնելու անհրաժեշտություն չկա»,- նշում է Աղաջանյանը:

Ելնելով Հայաստանի միկրոէլեկտրոնիկայի ոլորտում ունեցած ներուժից` դեկոդերներ կարող են արտադրվել նաև Հայաստանում, արդյունքում դրանք կարող են առավել մատչելի լինել բնակչության համար:

«Դեկոդերներն արտադրվում են պարզ տեխնոլոգիայով, և Հայաստանը լիովին կարող է դրանք արտադրել: Եվ եթե նույնիսկ դրանց արժեքը զգալիորեն էժան չլինի, քան ներմուծվող սարքավորումներինը, ապա գոնե այն շահավետ կլինի հայրենական արտադրողների համար», - կարծում է Այվազյանը:

Չնայած լիակատար անցումը թվային հեռարձակման տեղի կունենա 4 տարի հետո, այսօր արդեն կենցաղային տեխնիկայի խանութներից կարելի է ձեռք բերել լայնէկրան HD հեռուստացույցներ:

«HD հեռուստացույցներ սկսել ենք վաճառել 2006թ-ից: Այն ժամանակ HD ձևաչափով հեռարձակումներ հնարավոր էր դիտել ընդամենը 5 արբանյակային ալիքներով»,- ասում է «AG Electronics» խանութների ցանցի խորհրդատու Հայկ Մանուչարյանը:

Այսօր HD հեռուստացույցների հնարավորությունները Հայաստանում կարելի է օգտագործել միայն DVD-սկավառակներ դիտելու և որոշ արբանյակային ու մալուխային թվային ալիքներ դիտելու համար: «Մենք գնորդներին բացատրում ենք, որ անալոգային հեռուստահաղորդումներ դիտելիս պատկերն իդեալական չի լինի: Հաճախ գնորդներն ուղղակի խնդրում են` ցույց տալ իրենց ամենաթանկ ապրանքը` չհետաքրքրվելով տեխնիկայի լրացուցիչ հնարավորություններով»,- ասում է խորհրդատուն:

Ըստ Մանուչարյանի` լայնաֆորմատ հեռարձակման անցնելու դեպքում (16:9) հին մոդելների հեռուստացույցների ոչ լայնաֆորմատ էկրանին պատկերը քառակուսու կվերածվի (4:3), սակայն այդ դեպքում պատկերի շուրջ որոշակի տարածք կկորչի:

Այդ «էֆեկտը» արդեն կարելի է նկատել ռուսական «Առաջին ալիք»-ը դիտելիս, որի հեռարձակումը հունիսի 1-ից իրականացվում է լայնաֆորմատ ռեժիմով: Կարճ ասած` հեռարձակման լիարժեք որակ ստանալն անհնար է առանց նոր մոդելների հեռուստացույցների: Հայաստանում լայնաֆորմատ HD հեռուստացույցների (32 դույմ) միջին արժեքը շուրջ 300 000 դրամ է ($800): Սակայն բացառված չէ, որ մինչև 2015 թվականը դրանց գները փոքր-ինչ իջնեն:

Աղբյուր` JNews.am

image source

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել