The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Մարդ
Հունվար 4, 2016
«Կյանքս` բաժանված երկու մասի՝ մինչև 22 տարեկան և դրանից հետո». Արմեն Ալավերդյան
Սրբուհի Ավետիսյան
Ուսանողի հայացք
«Կյանքս` բաժանված երկու մասի՝ մինչև 22 տարեկան և դրանից հետո». Արմեն Ալավերդյան
Արմեն Ալավերդյանը կնոջ և երեխայի հետ

Հարցազրույց «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն, «Փարոս» կամերային երգչախմբի համահիմնադիր Արմեն Ալավերդյանի հետ

- Դուք մասնագիտությամբ երաժիշտ եք, «Փարոս» կամերային երգչախմբի հիմնադիրներից մեկը: Կպատմե՞ք երգչախմբի կայացման և ձեռքբերումների մասին:

- Մեր երգչախումբը քսան տարուց ավել բուռն գործունեություն է ծավալում: Այն սկսվել է որպես ռեաբիլիտացիայի միջոց Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնում, հետո գրավել բավական մեծ բեմեր: Հաջողությամբ մասնակցել ենք տարբեր մրցույթների, շեշտեմ՝ ոչ թե հաշմանդամության հետ կապված մրցույթների, այլ ընդհանրապես արվեստին, երաժշտությանն առընչվող մրցույթների: Մեր վերջին ձեռքբերումը եղել է մասնակցությունը 2014-ին Ռիգայում կայացած համաշխարհային երգչախմբային խաղերին, որտեղից եկանք երկու արծաթե մեդալով: Մյուս տարի Սոչիում կայանալու են հերթական համաշխարհային խաղերը, որոնք նաև կոչվում են երգչախմբերի օլիմպիական խաղեր և արդեն հույսեր ունենք, որ հնարավոր է ոսկե մեդալով վերադառնանք:

- Վերջերս «Փարոսը» նոր գեղարվեստական ղեկավար ունի: Ինչպե՞ս է ընթանում ձեր համագործակցությունը, չէ՞ որ ինքներդ էլ երաժիշտ եք:

- Արժե, մեր անցած ուղին հիշելով, խոսել մեր հիմնադիր մաեստրոյի՝ Վաչագան Նավասարդյանի մասին, որը տարիներ շարունակ ղեկավարեց երգչախումբը: Այնուհետև նրան փոխարինեց երիտասարդ խմբավար Րաֆֆի Միքայէլեանը, որն ահագին զարգացրեց երգչախումբը, և մենք միջազգային ասպարեզում ձեռքբերումներ ունեցանք հենց նրա՛ շնորհիվ: Բրատիսլավայում կայացած հերթական մրցույթից վերադարձանք երկու բրոնզե մեդալով և հատուկ մրցանակով: Րաֆֆին մեկնեց ԱՄՆ ուսումը շարունակելու նպատակով, ուստի մենք ստիպված էինք նոր գեղարվեստական ղեկավար նշանակել: Հիմա «Փարոսի» խմբավարն է Մանուէլ Օհանյանը: Դեռ կայացման փուլում է նոր խմբավարի և երգչախմբի համագործակցությունը, կան որոշ անելիքներ, որպեսզի նույն՝ բարձր մակարդակի փոխըմբռնում լինի և ստեղծագործական աճ: Պրոֆեսիոնալ դիրիժոր է, շատ մոտիվացված երիտասարդ, համոզված եմ, որ մենք առաջ կգնանք՝ ավելի լավ արդյունքներ գրանցելով: Երգացանկի, երաժիշտների ընդունման հարցերում որոշակի դեր ունեմ, բայց իմ հիմնական անելիքը կազմակերպչական է:

- Ի՞նչ դեր ունի արվեստը Ձեր կյանքում: 

152 - Ես արվեստագետ եմ, բնականաբար, արվեստը շատ մեծ դեր ունի իմ կյանքում: Ցավոք սրտի՝ հնարավորություն չունեցա շարունակելու ջութակահարի իմ կարիերան: Միգուցե, եթե ավելի երիտասարդ լինեի, կունենայի այդ հնարավորությունը, որովհետև դա ինձ ամենահոգեհարազատ ոլորտն է: 90-ական թվականներին մենք, կարելի է ասել, հարյուր տոկոսանոց անմատչելիություն ունեինք մեր քաղաքում և մեր մշակութային վայրերում: Խանգարում էր ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժման անմատչելիությունը, այլև կարծրատիպային մտածելակերպը, որ հոգեբանական ճնշվածության էր հանգեցնում: Ես ստիպված էի չշարունակել իմ կարիերան որպես երաժիշտ:

- Հայտնի է, որ Դուք մեծ պոտենցիալ ունեցող ջութակահար եք եղել: Հետ նայելով՝ չե՞ք զղջում:

- Իհարկե զղջում եմ և երբևէ դա չեմ թաքցրել: Երևի իմ առաքելությունը հենց դա կարող էր լինել, ուղղակի այդպես դասավորվեց: Ես մենակատարի կարիերա էի պատկերացնում, համերգային ծրագրերով, իսկ Հայաստանում դա, զուտ տեխնիկական պատճառներով, հնարավոր չէր... Կարծում եմ՝ ամեն ինչ ունի իր իմաստը: «Չկա չարիք՝ առանց բարիք» ասվածն այս ոլորտում էլ որոշակի դրսևորում ունի: Այնուամենայնիվ արվեստից շատ չեմ հեռացել, քանի որ «Փարոս» երգչախումբն իմ գործունեության կարևորագույն մասն է:

- Դուք ուժեղ անհատականություն եք. քսաներկու տարեկանում ձեռք բերելով հաշմանդամություն՝ կարողացանք առաջ գնալ: Ձեր կարծիքով՝ ի՞նչն է ամենակարևորը, ի՞նչ խորհուրդ կտաք նման իրավիճակում հայտնված անձանց:

- Խորհուրդ կտամ լինել լավատես, թևաթափ չլինել, անպայման գտնել այն ուղիները, որտեղ անձը կարող է իրականացնել իր ներուժը, նպատակները և երազանքները: Սրանք միգուցե ամպագորգոռ խոսքեր թվան, բայց իրականությունը դա է: Աշխարհում, ինչպես նաև մեր երկրում, հաշմանդամություն ունեցող այն անձինք, ովքեր ունեն տվյալներ, մոտիվացիա, կարող են առաջ գնալ: Օրինակ՝ եթե լսում ես ինչ-որ երաժշտի կատարում, դու մոռանում ես նրա հաշմանդամության մասին, որովհետև մարդը ուղղակի հաճույք է ստանում իր գործից: Բոլոր դեպքերում, նույնիսկ մեր երկրում, որտեղ դեռ շատ անելիքներ կան, անպայման մի ոլորտ կգտնվի, որտեղ մարդը կկարողանա իրեն դրսևորել և ընտանիք պահել: Մի խոսքով՝ թող չլինեն պասիվ, այլ լինեն սովորական, ակտիվ քաղաքացի:

- Կպատմե՞ք Ձեր պատանեկության մասին: Ինչպե՞ս կարողացաք հաղթահերել Ձեզ հետ կատարվածը:

- Մեղմ ասած՝ շատ մեծ սթրես էր: Քսաներկու տարեկանում ոչ մի խնդիր չունեցող երիտասարդը՝ լի նպատակներով և խոստումնալից ապագայի հույսերով, հանկարծ կես ժամվա ընթացքում կորցնում է քայլելու ընդունակությունը: Պետք էր գիտակցել, որ դա ժամանակավոր ինչ-որ գործընթաց չէր, այլ մշտական վիճակ, չնայած մեր կյանքում ոչինչ մշտական չէ: Դա շատ կարևոր փուլ է ցանկացած մարդու համար, այն է՝ հասկանալ, ըմբռնել իրականությունը և ըստ այդմ պլանավորել հետագա կյանքը: Մեզ մոտ հիմա շատ տարածված երևույթ է դրամահավաքներ կազմակերպելն ու ասելը (չակերտների մեջ եմ նշում, որովհետև չեմ սիրում այս արտահայտությունը), «այդ երիտասարդը գամվեց սայլակին, եկեք օգնենք»: Թվում է՝ ինչ լավ, վեհ գաղափար է, եկեք համախմբվենք, օգնենք, բայց արդյո՞ք նրանք ոտքի կկանգնեն: Եթե փոխաբերական իմաստով ասենք՝ հնարավոր է կարիերա, ընտանիք ստեղծել և այլն, բայց կան իրավիճակներ, որտեղ բժշկությունն անզոր է փոփոխություններ կատարել: Այստեղ շատ կարևոր է, որ տվյալ անհատը հասկանա իրավիճակը և, փրփուրներից կախվելու փոխարեն, իր առջև դնի հասանելի նպատակ, այն է՝ լինել ակտիվ, սովորել, կրթվել և չկենտրոնանալ հաշմանդամության վրա:

150

- Երբևէ մտածե՞լ ենք այլ երկրում ապրելու մասին:

- Ոչ: Կասեի հակառակը՝ երբ արտասահմանում եմ լինում, հազիվ եմ ինձ զսպում, որպեսզի չընդհատեմ ուղևորությունը: Սա ուղղակի հայրենասիորություն չէ: Ես սիրում եմ իմ երկիրը, և ինձ համար խորթ են այլ բարքերը: Այդտեղ չկա շրջապատ, շփվելու հնարավորություն, քեզ լիարժեք մարդ զգալու հնարավորություն՝ ինչքան էլ տարօրինակ հնչի: Պետք է ապրես այնտեղ, որտեղ կարող ես ինչ-որ բանի հասնել:

- Ձեր մանկության ամենավառ հիշողությո՞ւնը:

- Կոնկրետ այդպիսին չունեմ: Եթե անկեղծ լինեմ՝ կյանքս կարծես բաժանված է երկու մասի: Ինձ ուրիշ մարդ եմ զգում մինչև քսաներկու տարեկանը և քսաներկուսից հետո: Երբ ինչ-որ բաներ վերհիշում եմ, թվում է, թե դրանք ուրիշի հետ են կատարվել: Շատ վառ հիշում եմ ջութակահարների մրցույթին իմ առաջին մասնակցությունը: Ես ընդամենը երրորդ դասարանցի էի և առաջին կարգի մրցանակ ստացա, բայց չդարձա մրցույթի հաղթող: Դա ինձ համար և՛ հիասթափություն էր, և՛ մոտիվացիա:

- Ինչպե՞ս եք սիրում անցկացնել Ձեր ազատ ժամանակը:

- Ազատ ժամանակ շատ քիչ եմ ունենում: Աշխատանքային օրս ավարտելուց հետո տուն եմ գնում և, հիասթափեցնելով ընտանիքիս անդամներին, նորից սլանում դեպի համակարգիչը: Բնականաբար ինձ համար ամենաթանկ ժամանակն իմ ընտանիքի, երեխայիս հետ անցկացրած ժամանակն է:

- Գիտեմ, որ Դուք հիանալի ընտանիք ունենք, սակայն հաշմանդամություն ունեցող անձանցից ոչ բոլորին է հաջողվում ընտանիք կազմել: Կարծում եք դա ավելի շատ սոցիալակա՞ն, թե՞ հոգեբանական խնդիր է:

- Կարծում եմ՝ երկուսն էլ: Կան մարդիկ, որոնք հոգեբանորեն այնպիսին են, որ ընտանիք կազմելու քիչ շանսեր ունեն ոչ թե հաշմանդամության, այլ բնավորության մռայլ գծերի պատճառով: Կան, ընդհակառակը, լավատես, պայծառ, պոզիտիվ մարդիկ, որոնց հաշմանդամութունը չի էլ զգացվում, մարդ կարող է սիրահարվել այդպիսի անձի:

- Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

- Կնոջս հետ ծանոթացել եմ Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնում, որտեղ նա աշխատում էր որպես բուժքույր: Շփվելով գտանք շատ նմանություններ: Զգացմունքը, կարծում եմ, և՛ տարբեր է, և՛ նույնը, կապ չունի՝ մարդը հաշմանդա՞մ է, թե՞ ոչ: Իսկական ընտանիքը փոխադարձ սիրո և հարգանքի վրա է հիմնված:

Կինս ավարտել է կոնսերվատորիան որպես երաժշտագետ, այժմ նաև լուսանկարչությամբ է զբաղվում, և մենք միասին շատ նախագծեր ենք իրականացնում: Փորձում ենք գտնել հետաքրքիր, լավատեսական կադրեր և անմիջապես ֆիքսում ենք: Օրինակ՝ հղի կին՝ անվասայլակի վրա: Չենք կենտրոնանում ստանդարտ, մռայլ նկարների վրա, որտեղ մեծ պլանով երևում է մարդու հաշմանդամությունը: Երեխաս նույնպես երաժշտություն շատ է սիրում, հանդես է գալիս «Արևներ» մանկական համույթում, հաճախում է Սայաթ-Նովա դպրոց: Շատ է ծանրաբեռնվածությունը, արդեն պետք է ընտրություն կատարի, բայց մենք փոքր տարիքից փորձել ենք նրան հնարավորինս ազատություն տալ որոշումներ կայացնելու հարցում:

- Կյանքում հուսահատության պահեր ունենո՞ւմ եք, ինչպե՞ս եք հաղթահարում դրանք:

- Բոլորն էլ այդպիսի պահեր ունենում են: Միգուցե աշխատանքս ինձ օգնում է, որպեսզի շատ չկենտրոնանամ այդ պահերի վրա և հաղթահարեմ հենց զբաղվածությանս շնորհիվ: Ընտանիքս էլ ինձ շատ է օգնում և ուժ տալիս: Մայրս և տատս ինձ միշտ աջակցել են: Կարելի է ասել՝ այն, որ ես հաշմանդամություն ձեռք բերելուց հետո շարունակեցի ապրել՝ հենց իմ ընտանիքի շնորհիվ էր: Ամեն ինչ արվեց, որպեսզի հնարավորինս վերականգնվեմ՝ սկսած առողջականից մինչև հոգեբանական... Հիմա կինս է միշտ ինձ հետ ամեն հարցում, միասին ենք աշխատում, շարունակում ենք լինել ոչ միայն ամուսիններ, այլև գործընկերներ: Որդիս էլ չափազանց զգայուն է այդ հարցում: Նկատել եմ, որ հատկապես անվասայլակից օգտվողների երեխաները չափազանց ուշադիր են: Օրինակ երեկ, երբ գնացել էի հանրաքվեի, երեխաս նկատել էր, որ ավելի հարմար մուտք կա և փորձում էր ինձ օգնել:

Արմեն Ալավերդյանը, լավատեսական նոտայով զրույցն ավարտելով, նշեց, որ իր ամենամեծ երազանքը մեր երկրում վառ անհատականություններ տեսնելն է: «Երազում եմ այն օրվա մասին, երբ մարդիկ, փոխանակ ֆիքսվելու մռայլ, անհետաքրքիր, գորշ երևույթների վրա, կփորձեն ամեն ինչում տեսնել լավն ու պայծառը»:

Լուսանկարները անձնական արխիվից

Սույն հարցազրույցը պատրաստվել է ԵՊԼՀ-ի «Լրագրության վարպետություն» առարկայի շրջանակներում

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել