Մարդ
Նոյեմբեր 28, 2017
Ձգտելով հոգևոր հանգստության
Վերոնիկա Քեշիշբանոսի ֆոտոարխիվից

19-ամյա Վերոնիկա Քեշիշբանոսը «Հայաստանի ձայնը» հեռուստանախագծի մասնակիցներից է: Ասում է՝ երաժշտական կրթություն չունի, բայց երգում է այն պահից, ինչ սկսել է խոսել: Երգի ասպարեզում առայժմ վաղ է ասել` ինչ հաջողությունների կհասնի, սակայն հիմնական մասնագիտության առումով նա արդեն կատարել է իր ընտրությունը: Վերոնիկան սովորում է ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում: Նա 7 տարեկանից հաճախում է լողի, իսկ 12 տարեկանում դարձել է բուսակեր, այնուհետեւ սկսել է զբաղվել նաեւ յոգայով: Ասում է, որ չի խճճվում այս ամենում: Վերոնիկան հավատացած է, որ նման ակտիվությունը նրան հաջողվում է բուսակերության շնորհիվ:

-Ինչո՞ւ որոշեցիր բուսակեր դառնալ:

- 12 տարեկանում պատրաստվում էի մասնակցել Հայաստանում լողի մրցույթի: Ինձ թվում էր, որ ես ֆիզիկապես այնքան էլ լավ մարզավիճակում չեմ եւ պիտի մի փոքր քաշս նվազեցնեմ: Այդ պատճառով որոշեցի միսը բացարձակ հանել սննդակարգիցս: Մի քիչ երեխայական բան կար այդ ամենում, բայց որոշումս ճակատագրական դարձավ:

- Օգնե՞ց:

- Բավականին, նաև ֆիզիկական ուժ տվեց: Երկրորդ տեղ գրավեցի:

289

- Նման կտրուկ փոփոխության դիմելը, այն էլ այդ տարիքում, սովորական որոշում չէ: Ընտանիքն ինչպե՞ս արձագանքեց:

- Ծնողներս սկզբում կտրականապես դեմ էին: Հիմա էլ չեն աջակցում, բայց մի փոքր հարմարվել են: Հատկապես հայրիկիս հետ շատ բախումներ էինք ունենում մինչ այն պահը, երբ նրա ընկերներից մեկը, ով նույնպես բուսակեր է, իմացավ իմ պատմությունը և համոզեց չարգելել ինձ այն, ինչն օգտակար է:

- Բժիշկների հավաստմամբ՝ երեխաներին, մինչև 16 տարեկաններին և հղիներին արգելվում է դառնալ բուսակեր: Ձեր որոշումը առողջական որևէ խնդրի չի՞ հանգեցրել:

- Ոչ, տարին մի քանի անգամ ստուգումներ եմ անցնում ու իդեալական առողջ վիճակում եմ: Բուսակերությունը միայն դրական ազդեցություն է ունենում առողջությանս վրա, չնայած՝ հորեղբայրս բժիշկ է և ինքն էլ է կտրականապես դեմ:

- Բուսակերությունը դիետա՞ է, թե՞ կենսակերպ:

- Իհարկե կենսակերպ: Երբևէ չեմ համարել, որ ճիշտ սննդակարգը դիետա է: Կա տարածված կարծիք, թե պիտի ուտես այն, ինչ քո օրգանիզմը պահանջում է: Ո՛չ, շատ հաճախ մեր օրգանիզմը պահանջում է այն, ինչը օգտակար չէ:

- Միս չուտող մարդիկ հիմնականում հաբեր են ընդունում, որոնք լրացնում են օրգանիզմին անհրաժեշտ նյութերը: Դրանք կարո՞ղ են օգտակար լինել:

288

- Իմ հաբը նուշն է և դա մսի հիմնարար փոխարինողն է: Ես գնում եմ մարզասրահ, հետո ուտում եմ 5-6 նուշ ու դա իմ մեկ շաբաթվա էներգիան ապահովում է:

- Կնշե՞ք մի քանի կետ, որոնք կհիմնավորեն բուսակեր լինելու անհրաժեշտությունը:

- Առաջինն ու ամենակարևորը՝ առողջությունը. առողջ մարմնում կա առողջ հոգի, դա փաստ է: Երկրորդը՝ կենդանիների պաշտպանությունն է. ես կատեգորիկ դեմ եմ կենդանի ուտելուն, նաև հոգևոր հանգստությունը: Սրանք այն 3 կետերն են, որոնք ինձ ուժ են տալիս դիմակայելու մեր հասարակության մեջ, որովհետև այն շատ անհանդուրժող է յուրաքանչյուր փոփոխության, ալտերնատիվ մտածելակերպի հանդեպ:

- Ի՞նչ կոշիկ եք հագնում:

- Ես կաշվե իրեր չունեմ (ժպտում է): Շոփինգի և գեղեցիկ հագնվելու մեծ սիրահար եմ, չգիտեմ՝ որպես աղջիկ ապագայում կամքս կկոտրվի, թե ոչ, բայց հիմա կաշվե, մորթե իրեր չեմ կրում:

- Չե՞ք վիրավորվում, երբ ցանկացած միս չուտող իրեն բուսակեր է որակում: Չէ՞ որ բուսակերությունը ավելի լայն հասկացություն է:

- Հիմա տենդենց կա 20-25 տարեկան աղջիկների մոտ, ովքեր ասում են, թե բուսակեր են, չեն ուտում միս՝ կենդանիների պաշտպանության համար: Մի ամիս հետո կարող ես այդ մարդկանց հագին տեսնել ամենաշքեղ մուշտակները: Միայն ասել՝ ես բուսակեր եմ ու անցնել մի կողմ՝ ընդունելի չէ: Չեմ վիրավորվում, բայց, ամեն դեպքում, տհաճ է:

- Ամանորը մոտ է: Բլինչիկի, խոզի ազդրի և մսային այլ ուտեստների առկայությունը խանգարո՞ւմ է Ձեզ լիարժեք վայելել այդ տոնը:

- Մենք նույնպես չենք կարող զերծ մնալ խնջույքներից, ընտանեկան հավաքույթներից, ու ես այդ ամենը շատ եմ սիրում, երբեք ինձ չեմ զրկում: Ուղղակի ունեմ այլընտրանքային տարբերակներ: Օրինակ, երբ բոլորը բլինչիկ են ուտում, ես ուտում եմ ձավարեղենով պատրաստված ուտեսներ:

- Քանի որ հասանք տոներին, պատմեք նաև, թե ինչպե՞ս եք անցկացնում բուսակերության միջազգային օրը՝ նոյեմբերի 1-ը:

291 - Այդ օրն ամենահամեղ ճաշատեսակներն եմ պատրաստում: Իմ գուրուին (յոգայի ուսուցչին) եմ շնորհավորում: Ինքն ինձ ցույց տվեց այս ուղին, սովորեցրեց՝ ինչպես կարող ես հասնել ինքդ քեզ հետ ներդաշնակության ու հասկանալ քեզ:

- Յոգան մարմնամարզությո՞ւն է, կրո՞ն, մտածելակե՞րպ, թե՞ ուրիշ ինչ-որ բան:

- Երբ իմանում են՝ յոգայով եմ զբաղվում, մտածում են՝ կամ բուդիզմի հետևորդ եմ, կամ հինդուիզմի կամ ջայինիզմի: Յոգայի մեջ ես տեսնում եմ քրիստոնեությունը, իրար չվնասելը, հասկացված, ներդաշնակ լինելը, հանգստությունը: Բայց ինձ համար յոգան կրոն չէ, ես կարող եմ դա հստակորեն ասել: Այն ապրելակերպ է, նաև՝ ֆիզիկական ուժ տվող հիմնական աղբյուրը:

- Հոգեբանություն, բուսակերություն ու յոգա. ի՞նչ կապ ունեն այս ամենը միմյանց հետ:

- Շատ ուղիղ համեմատական կապ ունեն: Հոգեբանի կյանքում շատ կարևոր է լինել հավասարակշռված, հանգիստ մարդ: Յոգան ու բուսակերությունը ինձ օգնում են լինել հենց էդպիսին: Յոգան ինձ մի բանում էլ է օգնել. ամեն ինչին նայել խորությամբ: Մենք առօրյա վազքի մեջ չենք նկատում բաներ, որոնք պիտի նկատեինք, իսկ իրականում մանրուքներն են մեզ արժեքավոր մարդ դարձնում:

- Բուսակերությունը և յոգան Ձեզ համար միահյուսվա՞ծ են, թե՞ կարող են լինել նաև առանձին:

- Միահյուսված չեն: Միգուցե գա ժամանակ, որ յոգայով չզբաղվեմ, բայց որ բուսակերությունը թողնեմ, երբեք:

Հեղինակ՝ Արուսյակ Կապուկչյան, ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 2-րդ կուրս 

Լուսանկարները` Վերոնիկա Քեշիշբանոսի ֆոտոարխիվից 

Աղբյուր՝ JNews.am

Send by email
Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Refresh Type the characters you see in this picture.
Type the characters you see in the picture; if you can't read them, submit the form and a new image will be generated. Not case sensitive.  Switch to audio verification.