The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՀԱՄԱՑԱՆՑ
Մայիս 13, 2011
Բաց կոդով ծրագրեր. ազատություն խմբագրությունների համար
Գայանե Միրզոյան
JNews-ի թղթակից
Բաց կոդով ծրագրեր. ազատություն խմբագրությունների համար
Ո՞վ է GNU-ն և ո՞վ Linux-ը :)

Հետխորհրդային երկրների շարքում «Microsoft» ծրագրային ապահովման կեղծարարության մեջ Հայաստանը զբաղեցնում է երկրորդ տեղը Վրաստանից հետո: Այսպիսին են «Business Software Alliance» ոչ առևտրային կազմակերպության տվյալները:

Ընկերության հայաստանյան ներկայացուցիչները վստահեցնում են, որ կառավարությունում արտոնագրված ծրագրերից օգտվում են միայն Արդարադատության և Կրթության ու գիտության նախարարությունները, էլ ուր մնաց լրատվամիջոցների խմբագրությունները:

Խմբագրությունների համակարգիչներն արտոնագրված ծրագրերով ապահովելու համար բավականաչափ գումար է անհրաժեշտ:

«10 համակարգիչներում արտոնագրված MS Office տեղադրելու համար խմբագրության սեփականատերը պետք է վճարի շուրջ 670 000 դրամ, իսկ դիզայներական Adobe Creative Suite (Adobe Photoshope, Adobe Indesign, Dreamweaver, Adobe Illustrator և այլն) հավաքածուի համար` լրացուցիչ 2 000 դոլար»,- ասում է հայաստանյան «Ինտերնյուզ» ՀԿ տեխնիկական տնօրեն Կոնստանտին Գեոդակյանը:

Բաց կոդով ծրագրերը մարտահրավեր են ծրագրային ապահովման այնպիսի հսկա արտադրող ընկերությունների համար, ինչպիսիք են Windows-ը, Apple Macintosh-ը, Adobe-ը և այլն:

Ողջ աշխարհի էնտուզիաստները համատեղ ջանքերով ստեղծել են GNU/Linux օպերացիոն համակարգերի (ՕՀ) շարք` Ubuntu, Debian և շատ ուրիշ տարբերակներ, որոնք, որպես կանոն, կարելի է տեղադրել անվճար: Նմանատիպ ծրագրերից օգտվում են ամբողջ աշխարհում ինչպես կրթական ու գիտական հաստատություններում, այնպես էլ շատ զարգացած երկրների պետական կառույցներում և պաշտպանության գերատեսչություններում: Բաց կոդով ծրագրերի առավելությունը դրանց անվտանգության մեջ է, նաև հատուկ համապատասխանեցման հնարավորությունն է կազմակերպության կամ անհատ օգտագործողների պահանջներին:

Հայաստանյան «Ինտերնյուզ» մամուլի աջակցության ՀԿ սերվերները վերջին 5 տարիներին աշխատում են GNU/Linux համակարգով, սակայն աշխատակիցների համակարգիչներում տեղադրված են «Windows XP» և «Windows 7» արտոնագրված օպերացիոն համակարգեր:

«Մեր ցանցը գոյություն ունի արդեն 15 տարի, և անցումը մեկ այլ համակարգի կհանգեցնի լրացուցիչ ծախսերի ու բարդությունների: Սակայն այսօր նոր ցանց ստեղծելու դեպքում, պետք է միանշանակ ընտրել GNU/Linux-ը, քանի որ այն հուսալի համակարգ է»,- ասում է փորձագետը:

Չնայած ազատ ծրագրային ապահովման (ԾԱ) շարժումը Հայաստանում սկսվել է 90-ականների վերջին, ազատ ԾԱ օգտվողներն այնքան էլ շատ չեն: Linux-ը Հայաստանում առավել հաճախ տեղադրված է սերվերների վրա, այլ ոչ թե օգտվողների համակարգիչների: Մինչդեռ, ըստ «Ինստիգեյթ» ծրագրավորման ընկերության տնօրեն Արման Պողոսյանի, անցումը GNU/Linux համակարգի խմբագրություններին թույլ կտա ոչ միայն խնայել արտոնագրված ԾԱ վրա ծախսվող միջոցները (կամ նյարդերը` չարտոնագրվածի դեպքում), այլև ապահովել տեղեկատվական անվտանգությունը:

«Արդեն 6 տարի է, որ մեր ընկերությունում համացանցին մշտական միացած են 60-70 համակարգիչներ ու սերվերներ, և վիրուսով վարակվելու ոչ մի դեպք չի եղել: Բացի այդ, եթե չենք տեսնում կոդը, ապա չենք կարող վստահ լինել, որ մեզ ոչ ոք չի հետևում»,- ասում է Պողոսյանը: Տպավորիչ են նաև խնայված միջոցները. 2 տարվա ընթացքում 70 հոգանոց ընկերությանը հաջողվել է խնայել 300 000 դոլար:

Ազատ ծրագրերից օգտվողների սակավության պատճառը տեղեկատվության պակասն է, ինչպես նաև վախը`անցնելու անծանոթ օպերացիոն համակարգի: «Շատ օգտվողներ չեն պատկերացնում, որ վերջին 5 տարիների ընթացքում Linux-ը դարձել է առավել հարմարավետ: Այն հնարավորություն է տալիս նաև տեղադրել Windows-ի կամ Mac-ի ինտերֆեյս»,- ասում է «Ինստիգեյթ»-ի տնօրենը:

Հայաստանում այսօր արդեն կարելի է ձեռք բերել OS Linux համակարգով համակարգիչներ: Հայ օգտագործողների համար GNU/Linux-ի հիման վրա պարբերաբար փորձեր են արվում ստեղծել օպերացիոն համակարգեր, այնպիսին, ինչպիսին դեռևս 20 տարի առաջ մշակված Spitak Linux-ը կամ փորձարարական Nur Linux-ն էր (Ռուս-հայկական համալսարան): «Ինստիգեյթ»-ի մասնագետների կողմից GNU/Linux-ի հիման վրա մշակվել է նաև «Արաքս» օպերացիոն համակարգը` նախատեսված տարածաշրջանի օգտվողների համար:

GNU/Linux Install Fest միջոցառման կազմակերպիչներ «Ինստիգեյթ» ընկերությունն ու «Ժառանգ» ՀԿ-ն մայիսի 7-ին միաժամանակ 3 քաղաքներում` Երևանում, Գյումրիում և Վանաձորում, առաջարկել են «ազատագրել» համակարգիչները:

Միջոցառման մասնակիցներին ներկայացվել են GNU/Linux համակարգի առավելությունները, որից հետո օգտվողներն աշխատել են նոր համակարգով և այն տեղադրել իրենց նոթբուքերում: Երևանից միջոցառմանը մասնակցել է 40, Գյումրիից` 23 և Վանաձորից` 38 մարդ, իսկ GNU/Linux-ն իրենց համակարգիչներում տեղադրել են ընդհանուր առմամբ 22 հոգի:

Փառատոնի հաջողությամբ ոգեշնչված` կազմակերպիչները մտադիր են տարին մեկ-երկու անգամ կազմակերպել նման միջոցառում: Հաջորդ GNU/Linux Install Fest-ը նախատեսվում է անց կացնել հունիսի սկզբին`«BarCamp Yerevan 2011» համաժողովի ընթացքում: 

Աղբյուր` JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել