The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Մշակույթ
September 23, 2015
Եզրափակելով ամառը Վայոց ձորի ամենահրաշագեղ վայրում
Սրբուհի Ավետիսյան
Ուսանողի հայացք

Երևան, Արարատի մարզ, ևս մեկ ժամ և, վերջապես, Վայոց ձոր: Մարզ մուտք գործելուն պես զգում եմ ջերմություն և հարազատություն: Հայաստանի հարավային, լեռնային, քարքարոտ ու շոգ մարզերից մեկում` Վայոց ձորում է անցել իմ մանկությունը:

Հետաքրքիր է` մարդիկ հոգնում ու ձանձրանում են միևնույն վայրում երկար ժամանակ ապրելուց, բայց միայն հարազատ վայրերը լքելուց հետո են հասկանում, թե իրականում ինչքան կարևոր և թանկ են դրանք... Ես կանգնած եմ մի վայրում, որի յուրաքանչյուր քարը, ծառը, ճանապարհը, գյուղն ու քաղաքը մի կյանքի պատմություն են:

Մեր ընտանիքում արդեն վաղուց ավանդույթ է դարձել` որտեղ էլ հանգստանանք ու ինչպես էլ անցկացնենք մեր արձակուրդը, ամառը եզրափակում ենք Նորավանք այցելությամբ: Սա, թերևս, Վայոց ձորի ամենահրաշագեղ վայրն է: Այնքան հին է այս վանական համալիրը, որ կարծես բնության մի մասնիկը լինի:

Օրբելյան իշխանների բնակատեղին 13-րդ դարում կառուցել է Մոմիկ ճարտարապետը: Երևի սա է համալիրի արքայական դիրք ունենալու պատճառը. վանքերը թառած են բարձունքին, որտեղ հասնելու համար անհրաժեշտ է հաղթահարել լեռները ճեղքած ոլորանները:

Նորավանք համալիրն իր մեջ ներառում է Սուրբ Աստվածածին, Սուրբ Կարապետ ու Սուրբ Գրիգոր վանքերը: Առաջինն ուշադրություն գրավողը Սուրբ Աստվածածին վանքն է: Այն առաձնանում է իր յուրահատուկ ճարտարապետությամբ: Սա բոլորին հայտնի երկհարկանի վանք է, որի ճակատային մասում՝ երկու կողմից, պատին ագուցված են նեղլիկ աստիճաններ, որոնք տանում են երկրորդ հարկ:

Աստիճանների լայնությունը հազիվ մեկ մետր է, ինչը երկրորդ հարկ բարձրանալը դարձնում է վտանգավոր: Սա ճարտարապետական մտքի պատահական փայլատակում չէ. վանք բարձրանալ ցանկացողները ստիպված են չորեքթաթ, խոնարհվելով բարձրանալ, քանի որ միայն այդպես է հնարավոր պահպանել հավասարակշռությունը: Սա էլ իր խորհուրդն ունի. Աստծո տուն հավատացյալները պետք է խոնարհվելով մտնեն:

Այսպիսով, լեռնային նեղ ոլորապտույտներն անցնելուց հետո, մենք Նորավանքում ենք: Պատմական վեպերն եմ վերհիշում... Ահա սենյակների ավերակները, լսարանները, որտեղ բազում սերունդներ են կրթվել, սրանք էլ հնագույն խաչքարերն են: Այս ամենը վկայությունն են այն բանի, որ Նորավանքը, բացի հայտնի վանական համալիր լինելուց, եղել է դպրության ու կրթության խոշոր կենտրոն: Հնի ու նորի մի հետաքրքիր խառնուրդ է այս տարածքը: Քայլում եմ` շուրջս զննելով: Արդեն չեմ հիշում, թե սա իմ որերորդ այցն է, բայց ամեն անգամ թվում է, թե առաջին անգամ եմ այստեղ:

Մտնում եմ Սուրբ Կարապետ վանք: Գավիթում հայտնի վանականների գերեզմանաքարեր են: Դրանք այնպես են դասավորված, որ անհնար է մուտք գործել՝ առանց դրանց վրայով անցնելու... Սա ևս իր խորհուրդն ունի. վանքի ներսում թաղվելով՝ վանականները ցույց են տվել իրենց խոնարհությունը, իրենց հավերժական նվիրումն Աստծուն ու ժողովրդին:

Հաջորդը Սուրբ Կարապետ եկեղեցին է: Մտնելուն պես խաչակնքում եմ, վառում մոմերս, աղոթում և երկար ժամանակ անթարթ նայում առաստաղի աջ մասի հայերեն Է տառի քանդակին՝ հույս ունենալով, որ այս անգամ բախտս կբերի: Ասում են, որ արևի լույսի տակ այնտեղ նշմարվում է Հիսուս Քրիստոսի պատկերը: Ինձանից բացի՝ ընտանիքիս բոլոր անդամները տեսել են այն:

-Դա նրանից է, որ անհավատ ես,- ասաց հայրս անցած անգամ:

Երևի հենց այս խոսքերն էին պատճառը, որ այս անգամ վանք մտա մեծ հավատով:

-Տեսնո՞ւմ ես: Էս ա, նորից երևաց,- գոռում է եղբայրս: Ես արդեն մի քանի րոպե անթարթ ու լարված նայում եմ, բայց ապարդյուն: Շրջվեցի, որ դուրս գամ` մի վերջին անգամ առաստաղին նայելով ու խաչակնքելով: Այ քեզ բան... Աչքերիս չէի հավատում`ես վերջապես տեսա Աստծո Որդու պատկերը: Ակամայից սկսեցի գոռալ՝ կանգնած վանքի մեջտեղում, որտեղ մի խումբ զբոսաշրջիկներ լուռ լսում էին զբոսավարին ու հարցեր տալիս: Ստիպված էի բացատրել, թե ինչ եմ տեսել: Ո՛չ զբոսավարը, ո՛չ էլ զբոսաշրջիկները չգիտեին, թե ինչի մասին է խոսքը: Ես մեծ հաճույքով ներկայացրի սուրբ պատկերի պատմությունը: Զբոսաշրջիկները ոգևորված վերև նայեցին ու երկար ժամանակ փորձում էին «մարսել» տեսածը: Նրանցից մեկն ասաց՝ սա իրոք սրբատեղի է:

Ինքս ինձանից գոհ ու բավարարված՝ դուրս վազեցի դեպի Սուրբ Աստվածածին: Սիրում եմ երկար նստել վանքի երկրորդ հարկ տանող աստիճաններին ու վայելել լեռնային բնության գեղեցկությունը, առավել ևս երեկոյան, երբ լեռների վրա երևում են բեզուարյան այծերն ու լսվում նրանց արձակած ձայները: Ի դեպ՝ այս կենդանատեսակը էնդեմիկ է՝ հանդիպում է միայն Վայոց ձորում:

Ցավոք, այս անգամ ոչ մի այծ չտեսա ու, բնության կարմրամոխրագույն քանդակներն ու դեղնավուն ձորերը երկար զննելուց հետո, որոշեցի ստուգել ինձ ու նեղլիկ աստիճաններով բարձրանալ վանքի երկրորդ հարկ: Այստեղ այցելողներից շատերի նպատակն է բարձրանալ վերև, սակայն մեծ մասը գերադասում է չվտանգել կյանքը: Մի քանի րոպե էլ չէր անցել, ու ես արդեն վերևում էի: Նստել էի դռան դիմաց` ոտքերս օդի մեջ կախած: Մինչ տարված էի բարձրից տեղանքը դիտելով՝ մարդիկ հավաքվել ու վերև էին նայում, փորձում էին բարձրանալ, մի քանիսը լուսանկարում էին, որոշները զարմանում. խառնաշփոթ էր:

Քանի որ երկրորդ հարկի սրբատեղին չափազանց նեղ է, իսկ բարձրանալ ցանկացողները՝ շատ, որոշեցի իջնել՝ տեղս զիջելով մյուսներին:

Արդեն համարյա գիշեր էր ու ես՝ ընտանիքիս հետ, լիցքավորված ու ինքնավստահ, քայլեցի դեպի համալիրի ելքը: Ես վերջին անգամ հետ նայեցի ու խաչակնքեցի՝ կհանդիպենք մյուս տարի, Նորավա՛նք:

Սույն նյութը պատրաստվել է ԵՊԼՀ-ի «Լրագրության վարպետություն» առարկայի շրջանակներում

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել