The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՀԱՄԱՑԱՆՑ
Փետրվար 28, 2011
Էլ-համայնքի քարտեզ. Հայաստանում համացանցից համակարգչով օգտվում է բնակչության մեկ երրորդը
Գայանե Միրզոյան
«ՋեյՆյուզ»
e-Users' map according 3 operators of RA

Դեռևս 2009 թվականին համացանցի ներխուժումը Հայաստան գնահատվում էր 15 տոկոսից էլ ցածր, սակայն այսօր, ըստ տարբեր տվյալների, այդ ցուցանիշը մոտենում է 80 տոկոսի:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2010 թվականի հոկտեմբերի տվյալներով համացանցը հասանելի է Հայաստանի բնակչության գրեթե կեսին (47,1 տոկոս): Սակայն ըստ որոշ հայ փորձագետների՝ այս թվերը չափազանցված են:

Ակնհայտ է, որ այս ցուցանիշը բջջային հեռախոսներից համացանց մուտք գործելու հաշվին համացանցից օգտվողների թվի ավելացման արդյունք է: Հանձնաժողովի տվյալներով՝ լայնաշերտ, այսինքն՝ գերարագ ինտերնետից Հայաստանում օգտվում է ընդամենը 160 000 մարդ: «Ինտերնետ հանրություն» ՀԿ նախագահ Իգոր Մկրտումյանը կարծում է, որ Հայաստանում անհրաժեշտ է իրականացնել համացանցից օգտվողների քանակի անկախ ուսումնասիրություն:

Իր հերթին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշում է, որ գոյություն չունի համացանցից օգտվողների հաշվարկման համընդհանուր հաստատված մեթոդիկա: «Եթե հաշվի առնենք սմարթֆոնների և բջջային հեռախոսների միջոցով շարժական ինտերնետից օգտվողներին, ապա 1, 5 միլիոն օգտվողների մասին վիճակագրությունը ճիշտ է: Սակայն պետք է նկատի ունենալ համացանցի իրական օգտագործողներին՝ DSL-ով, կապի օպտիկական ալիքներով», - ասում է Վարդանյանը:

Հայաստանի բջջային կապի երեք օպերատորները հայտարարում են, որ երկրի գրեթե 100 տոկոսը ծածկված է շարժական ինտերնետ-կապով (2G, 3G GSM և այլ տեխնոլոգիաներով): Այսպես, «Օրանժ-Արմենիա» և «ՎիվաՍել-ՄՏՍ» օպերատորների կողմից ապահովվող 3G ծածկույթը կազմում է 95 տոկոս, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի GPRS ծածկույթը' 99,8 տոկոս:

«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության մամլո քարտուղար Վահե Իսահակյանի խոսքերով՝ լայնաշերտ ինտերնետ-կապից օգտվողների թիվը Երևանում կազմում է բաժանորդների ընդհանուր թվի 15 տոկոսը, իսկ մարզերում` 85 տոկոսը: Հատկանշական է, որ տվյալ օպերատորի լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը կազմում է 43 000: Ընկերության 732 000-ից ավելի բաժանորդներ համացանցից օգտվում են շարժական միջոցների օգնությամբ:

72 «Այսօրվա դրությամբ մարզերի մեր բաժանորդներն ինտերնետ մուտք գործելու ոչ մի խնդիր չունեն: Հայաստանի ավելի քան 650 համայնքներ (932 համայնքներից) ապահովված են մեր ընկերության ինտերնետ-կապով»,- նշում է նա:

«Օրանժ-Արմենիա» շարժական կապի բաժանորդների թիվը կազմում է 500 000`ներառյալ 50 000 ինտերնետ բաժանորդները: Իսկ օպերատորի բաժանորդների քանակը 2010 թվականի վերջին եռամսյակում ավելացել է 2 անգամ:

Ինչպես հայտնում են «ԱրմենՏել»-ում, ընկերության շարժական և ֆիքսված ցանցից կարող է օգտվել Հայաստանի բնակչության 99 տոկոսը: 2011 թվականի առաջին ամիսների տվյալներով՝ 3G ցանցով ծածկված են Հայաստանի ավելի քան 2,5 միլիոն բնակչություն ունեցող 24 քաղաքներ և տասնյակ գյուղական բնակավայրեր: «Մենք շարունակելու ենք 3G ցանցի ընդլայնումը` ելնելով շարժական ինտերնետի պահանջարկից ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում»,- ասում է «ԱրմենՏել» ընկերության մամլո քարտուղար Անուշ Բեգլոյանը:

Ըստ «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ»-ի հետազոտության տվյալների՝ համացանցից օգտվելու հնարավորություն ունի երկրի բնակչության 80 տոկոսը, և միայն 35 տոկոսը համացանցից օգտվում է համակարգիչների միջոցով: Ինչպես նշում է Հիմնադրամի նախագահ Բագրատ Ենգիբարյանը, մարզերում ինտերնետային ենթակառուցվածքը առավելապես զարգացած է Լոռիում և Արագածոտնում, համեմատաբար վատ` Գեղարքունիքում:

Ինչպես բազմաթիվ անգամ հայտարարել է ՀՀ կառավարությունը, համացանցը երկրի բոլոր անկյունները հասցնելու նպատակով մոտակա 3 տարվա ընթացքում Հայաստանում կառուցվելու է 100 Մբիթ/վրկ թողունակությամբ լայնաշերտ ինտերնետի Ազգային ցանց: Այդ նախագծի ներդրումները կկազմեն 60-100 մլն ԱՄՆ դոլար, իսկ այն օպերատորը, որը կհաղթի տենդերի մրցույթում, պարտավորված կլինի ցանցը վարձակալության հիմունքներով տրամադրել նաև մյուս շահագրգիռ օպերատորներին, իսկ ցանցը մեկ ընկերության կողմից օգտագործելու փորձերը կկանխվեն:

Մինչ այդ, «ԱրմենՏել» ընկերությունն արդեն հայտնել է մրցույթին մասնակցելու իր մտադրության մասին: Ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմենկոյի կարծիքով «ԱրմենՏել»-ն արդեն ունի նման ցանց, որի վրա պարզապես պետք է կառուցել մի քանի հիմնական օղակներ: Նման ցանցի ստեղծումը, որն արդեն հիմնականում կառուցված է, նա գնահատեց նվազագույնը 500 մլն դոլար:

Հայաստանում գերարագ լայնաշերտ ինտերնետ կապի ստեղծումը տեխնոլոգիաների մրցունակության բարձրացման ծրագրի մի մասն է, որն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից Համաշխարհային բանկի հետ համատեղ: Նոյեմբերի վերջին Համաշխարհային բանկը հաստատեց ծրագրի իրականացման համար 24 մլն դոլար հատկացնելու մասին որոշումը:

Հայաստանում համացանցի զարգացման «թույլ տեղը» կապի արագությունն է: Այսպես, Հայաստանն աշխարհում զբաղեցնում է 123-րդ տեղը ինտերնետից ներբեռնման արագությամբ՝ 1,91 Մբիթ/վրկ, և 114-րդ տեղը վերբեռնման արագությամբ` 0, 67 Մբիթ/վրկ: Այս վիճակագրությունը կազմվել է Net Index-ի կողմից IP-հասցեների թեստավորման տվյալների հիման վրա, որն անց է կացվել Speedtest.net ծառայության կողմից 2008 թվականի օգոստոսից 2011 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում:

Հետխորհրդային 15 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է նախավերջին տեղը՝ առաջ անցնելով միայն Տաջիկստանից: Համեմատության համար կարելի է նշել, որ Վրաստանն ու Ադրբեջանը ներբեռնման արագությամբ զբաղեցնում են համապատասխանաբար 49-րդ և 95-րդ տեղերը և 32-րդ և 83-րդ տեղերը վերբեռնման արագությամբ:

Չնայած երկրում ինտերնետի ցածր արագությանը, Հայաստանը օգտագործում է թրաֆիկի բավականին մեծ ծավալ: «MTC»-ի զեկույցում ասվում է. «ՎիվաՍել-ՄՏՍ-ի 3G ցանցում ինտերնետի թրաֆիկի օգտագործումը 2010 թվականին 2009-ի համեմատ ավելացել է 23,8 անգամ»: «Վիմպելկոմ»-ի («Բիլայն» ապրանքանիշ) վիճակագրությամբ՝ Հայաստանում բազային մեկ կայանը մեկ օրում ստեղծում է մոտ 10ԳԲ թրաֆիկ, ինչը համապատասխանում է Եվրոպայում թրաֆիկի օգտագործմանը: Իսկ հիմնական ծանրաբեռնվածությունն ընկնում է կապի արտաքին ալիքների վրա:

«Ակնհայտ է, որ մեր երկրում, ինտերնետի բուռն զարգացման հետ, նոր բաժանորդները` իրենց համար ինտերնետը բացահայտող մարդիկ, հիմնականում ավելի շատ թրաֆիկ են օգտագործում»,-ասում է «ԱրմենՏել» ընկերության («Վիմպելկոմ»-ի դուստր ձեռնարկություն) մամլո քարտուղար Անուշ Բեգլոյանը:

Մյուս կողմից, նրա կարծիքով, թրաֆիկի ծավալի վրա ազդում է նաև այն փաստը, որ Հայաստանում քիչ են «հայելային» վիդեո և աուդիո սերվերները: Այս ամենը հանգեցնում է կապի ծանրաբեռնվածությանը:

Միևնույն ժամանակ, 2010 թվականը բեկումնային էր ինտերնետի սակագների տեսանկյունից: Եթե նախկինում անսահմանափակ ինտերնետը Հայաստանում մատչելի էր բավականին քիչ քաղաքացիների, ապա 2010 թվականի ընթացքում, ըստ UCom ինտերնետ-մատակարարի տվյալների, սակագինը նվազեց ավելի քան 8 անգամ՝ հասնելով միջինը ամսական 8 հազար դրամի ($21) 1Մբիթ/վրկ արագությամբ ստանդարտ փաթեթի համար: Սակայն եվրոպական երկրների համեմատ՝ համացանցի գինը շարունակում է մնալ բավականին բարձր: Այսպիսով, Net Index-ի տվյալներով՝ նույն արագության համար Ռուսաստանում վճարում են $4,16, ԱՄՆ-ում՝ $6,10, իսկ Եվրոպայում՝ $0,68-ից (Բուլղարիա) մինչև $8,30 (Ֆրանսիա):

Այսօր Հայաստանում գործում են մեծածախ համացանցի երեք մատակարարներ` «ԱրմենՏել», «GNC-Alfa» և «FiberNet» ընկերությունները, որոնք ունեն կապի օպտիկամանրաթելային ալիքներ, որ գալիս են Իրանից և Վրաստանից: Ինտերնետ մատակարարների և փորձագետների կարծիքով` համացանցի գները Հայաստանում կնվազեն կապի ալիքների զարգացման, ինչպես նաև այս շուկայում մրցակցության բարձրացման հաշվին: «Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում համացանցի գները նվազելու են բաժանորդների ավելացման և մրցակցության զարգացման հաշվին», - նշում է Կարեն Վարդանյանը:

Հատկանշական է, որ 2011 թվականին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մտադիր է ընդունել իրավական ակտեր՝ ուղղված համացանցի սակագների իջեցմանը և անհրաժեշտ ենթակառուցվածքի զարգացմանը: Այս մասին ասվում է կազմակերպության ընթացիկ տարվա ծրագրում:

Աղբյուր` JNews.am


Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել