The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՀԱՄԱՑԱՆՑ
Մայիս 28, 2014
Շաբաթվա ցանցահոս. eBay-ը խնդրում է օգտատերերին շտապ փոխել գաղտնաբառերը
Image source: http://technomag.co.zw/

Հաքերների՝ փետրվար-մարտ ամիսներին կատարած կիբեր-հարձակումը eBay առցանց աճուրդի ծառայության կայքի վրա կարող է վտանգ ներկայացնել օգտատերերի համար: Համաձայն ընկերության տարածած հաղորդագրության՝ անհայտ հաքերները գողացել են էլեկտրոնային հասցեները, կոդավորել են գաղտնաբառերը, ծննդյան թվերը, հասցեները և այլ տեղեկություններ: Անվտանգության մասնագետները խորհուրդ են տալիս eBay-ի հաճախորդներին պատրաստ լինել ամեն տեսակի խարդախությունների, հատկապես, եթե միևնույն գաղտնաբառն բացի eBay-ից օգտագործում են նաև այլ հաշիվներ մուտք գործելու համար: Եթե գաղտնաբառերն ապակոդավորվում են, ապա հարձակվողները կարող են օգտագործել ավտոմատ ծրագրեր, որոնք կխափանեն հազարավոր հայտնի ծառայությունների մուտքերը, ինչպիսիք են Ֆեյսբուքը, Թվիթերը, հայտնի էլեկտրոնային փոստեր և այլն:

Չինաստանը ՏՏ արտադրանքների ավելի մեծ թեստավորում է պահանջում

Պեկինը հայտարարել է, որ Չինաստանը սկսում է պետական անվտանգության և հանրային հետաքրքրության համար կիրառվող գլխավոր ՏՏ արտադրանքների և ծառայությունների կիբեր-անվտանգության ստուգումները: Այս հայտարարությունը նոր շրջադարձ մտցրեց ԱՄՆ-ի և Չինաստանի մշտական կիբեռ-առճակատման մեջ: Ստուգումը նպատակ ունի ինտերնետ-մատակարարներին թույլ չտալ վերահսկել, ջարդել կամ փակել հաճախորդների համակարգերը, ինչպես նաև դրանք օգտագործել ինֆորմացիա գողանալու համար: Այն ընկերությունները, որոնք ստուգում չեն անցել, կարգելվի ապրանքներ և ծառայություններ մատակարարել Չինաստանում:

Ինչպես նշում է Technewsworld.com-ը՝ այս հայտարարությունը անմիջական կապ ունի՝

ա) ԱՄՆ Կոնգրեսի 2012թ. Հայտարարության հետ, որում ասվում էր, որ չինական հեռահաղորդակցության գիգանտ Հյուվեի ընկերությանը չի թույլատրվի աշխատել Միացյալ Նահանգների ցանցերում

բ) Էդվարդ Սնոուդենի ինֆորմացիայի արտահոսքի հետ, որտեղ նշվում է, որ Ազգային անվտանգության գործակալությունը գաղտնի ճանապարհներ է հնարել Հյուվեիի ցանցեր մուտք գործելու համար:

Աղբյուրը չի բացառում այն զուգադիպությունը, որ այս հրամանագիրը հրապարակվել Է նույն ժամանակահատվածում, երբ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը մեղադրանք է առաջադրել Չինաստանի ազգային ազատագրական բանակի 61398 բաժնի հինգ անդամների նկատմամբ: Նշենք, որ վերոհիշյալ բաժինը մեղադրվում էր ԱՄՆ-ում խոշոր հաքերային գործողությունների համար:

Վեց իրանցի երիտասարդի ձերբակալել են յութուբյան տեսահոլովակում «անպարկեշտ» պարելու համար

Իրանցի երիտասարդներին հարկադրել են ներողություն խնդրել ամերիկյան երգիչ Ֆարել Ուիլյամսի հիթային «Happy» տեսահոլովակի այլընտրանքային տարբերակը նկարահանելու և համացանցում տեղադրելու համար: Տեսահոլովակում նկարահանվել են 3 տղա և 3 աղջիկ՝ առանց չադրաների, ովքեր երգում և պարում են Թեհրանի փողոցներում և տների տանիքներին (տեսահոլովակն այստեղ):

Իսլամական հանրապետությունը մեղադրանք է ներկայացրել երիտասարդներին՝ հանրության ողջախոհությանը վնասող տեսահոլովակ նկարահանելու համար: Ձերբակալված աղջիկներից մեկն ասում է, որ տեսահոլովակի նպատակն էր աշխարհին հայտնել, որ երիտասարդներն ուրախ են և ցանկանում են իրավիճակն ավելի լավացնել, գիտեն ուրախանալ այնպես, ինչպես ամբողջ աշխարհը:

Երիտասարդներին հարկադրել են պետական հեռուստատեսությամբ խոստովանել իրենց գործած հանցագործությունը: 24 ժամ կալանքից հետո նրանք ազատ են արձակվել: Երգիչ Ֆարել Ուիլյամսն իր թվիթերյան էջում մեկնաբանություն է թողել այս դեպքի առնչությամբ. «Շատ տխուր է, որ երիտասարդները ձերբակալվել են նրա համար, որ փորձում էին ուրախություն տարածել»:

Ի դեպ, Ֆարել Ուիլյամսի տեսահոլովակի սիրողական տարբերակներ նկարահանվել են աշխարհի տարբեր քաղաքներում, տարբեր ազգերի ներկայացուցիչների մասնակցությամբ, այդ թվում նաև հայ և ադրբեջանցի երիտասարդների կողմից:

Թվիթերն ընդունել է Պակիստանի պահանջները

Թվիթերը պահանջ է ստացել Պակիստանի պետական բյուրոյից՝ արգելափակել իր երկրի տարածքում հասանելի հայհոյանքներով և էթիկայից զուրկ գրառումները Թվիթերում: Արգելափակման պահանջներն առաջադրել էր Պակիստանի հեռուստահաղորդակցության մասնագետ Աբդուլ Բաթինը: Նա հատկապես դեմ էր այնպիսի գրառումներին, որոնք տարածում են այրվող Ղուրանի նկարները, Մուհամեդ մարգարեի կոպիտ նկարները, ամերիկյան պոռնոաստղերի նամակները և մի խումբ հակաիսլամիստական բլոգերների թվիթները:

Թվիթերը կարծում է, որ ավելի լավ է արգելափակել որոշ թվիթներ, որոնք դեմ են տվյալ երկրի օրենքներին, քան արգելափակել սոց. մեդիայի հարթակն ամբողջությամբ: Թվիթերը նաև համաձայնել է Գերմանիայում արգելափակել նեո-նացիստների խմբի թվիթները, իսկ Ռուսաստանում՝ ուկրաինական ծայրահեղ ազգայնամոլների խմբի թվիթները:

Պատրաստեց Աննա Խաչատրյանը

Աղբյուր` JNews.am

 

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել