The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՀԱՄԱՑԱՆՑ
Փետրվար 28, 2011
Ազատ «արգելված» գոտի. Հայաստանում մարտյան սահմանափակումների կրկնությունը ինտերնետում բացառված չէ
Կարինե Ասատրյան
«ՋեյՆյուզ»
Ազատ «արգելված» գոտի. Հայաստանում մարտյան սահմանափակումների կրկնությունը ինտերնետում բացառված չէ

Սահմաններ չճանաչող ու բացարձակ ազատ թվացող ինտերնետը ցանկացած պահի կարող է «անազատության» մեջ հայտնվել, եթե նման ցանկություն հայտնեն տվյալ ոլորտը տնօրինող կազմակերպությունների վրա ազդեցություն ունեցող մարմինները:

«Ընդհանրապես կապի միջոցների ազատությունը բացարձակ չէ. պետությունն ասում է` անջատիր, պրովայդերներն անջատում են»,- ասում է «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ, «Արմինկո» ընկերության տեխնիկական գծով տնօրեն Գրիգոր Սաղյանը:

Ըստ նրա, Հայաստանում ստանալով համապատասխան լիցենզիա` պրովայդերները ընդունում են խաղի կանոնները: Լիցենզիայում, նրա խոսքերով, հստակ գրված է, թե որ դեպքերում պետք է կատարվեն պետության պայմանները և որ դեպքում է հնարավոր զրկվել այդպիսի գործունեություն ծավալելու իրավունքից:

Հայաստանում առաջին անգամ ինտերնետով տեղեկատվություն տարածելու և ստանալու ազատության զանգվածային արգելափակում տեղի ունեցավ 2008 թվականի ՀՀ նախագահական ընտրություններին հաջորդած մարտյան իրադարձություններից հետո, երբ այդ ժամանակ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկրում 20-օրյա արտակարգ դրություն հայտարարեց:

Այդ օրերին թերթերի մեծ մասը հրաժարվեցին տպագրվել, որովհետև իրականացվում էր գրաքննություն, իսկ լրատվական հաղորդումներով ներկայացվում էր միայն պաշտոնական տեղեկատվություն: Ըստ արտակարգ դրության մասին հրամանագրի` պարզապես արգելվում էր պետական և ներքաղաքական հարցերի վերաբերյալ պաշտոնական դիրքորոշումից տարբեր տեղեկություն ներկայացնելը:

Արգելափակվեցին նաև մոտ 20 ինտերնետային կայքեր` հիմնականում լրատվական բնույթի կամ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը սատարող, թեև համապատասխան հրամանագրում արգելափակման մասին որևէ խոսք չկար: Արգելափակվեց նաև Youtube-ը, քանի որ այնտեղ ընդդիմությունը սկսել էր տեղադրել մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ տեսանյութեր:

Ու թեև 2008 թ-ին Հայաստանում լայնաշերտ, այսինքն՝ գերարագ ինտերնետից օգտվողների թիվը հասնում էր ընդամենը 10 հազարի, բջջայինով ինտերնետից օգտվելու մշակույթը տարածված չէր, չնչին էր նաև սոցիալական ցանցերից օգտվողների քանակը, միևնույն է կայքերի արգելափակում իրականացվեց:

«Որևէ մեկը իրավունք չուներ արգելել թերթերի հրատարակությունը և փակել ինտերնետային կայքերը: «Զանգվածային լրատվամիջոցների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածում հստակ գրված է, որ Հայաստանում արգելված է գրաքննությունը»,- ասում է անկախ փորձագետ, լրագրող Մեսրոպ Հարությունյանը:

Նա հիշեցնում է, որ գրաքննության մասին որևէ բառ չկար նաև Ռոբերտ Քոչարյանի «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագրում:

«Ուստի, այն մարմինները, որոնք կատարել են գրաքննություն, կատարել են հանցագործություն և վաղ թե ուշ պետք է պատասխան տան», - ասում է Հարությունյանը:

Ինչպես 2008 թվականին, այնպես էլ այսօր Հայաստանում գոյություն չունի համացանցը կարգավորող օրենք: Մինչդեռ համացանցից օգտվողների թիվը 2008 թվականի համեմատ ավելացել է մոտ 16 անգամ:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալներով`այսօր լայնաշերտ ինտերնետից օգտվողների թիվը 160 000 է: Երբ հաշվարկվում է նաև ավելի ցածր արագությամբ ինտերնետ օգտագործողների թիվը, ապա, տարբեր հաշվարկներով, այն կարող է հասնել մինչև 1, 5 միլիոնի: Այս ցուցանիշն իր մեջ ներառում է նաև GPRS կապի բաժանորդներին, ինչպես նաև ֆիզիկական ու իրավաբանական անձանց:

Ինտերնետ օգտագործողների թվի ավելացմանը զուգահեռ ավելանում են նաև ինտերնետային լրատվական կայքերի և բլոգերի թիվը: Օրինակ, եթե 2010 թ-ի օգոստոսին ArmFeeds.com-ում գրանցված էր 8687 անհատական բլոգ, ապա վերջին վեց ամսվա ընթացքում դրանց թիվը ավելացել է 9336-ով` դառնալով 18 023: (ArmFeeds.com-ը առաջին հայկական համակարգն է, որը կենտրոնացնում է հայկական բոլոր բլոգերի գրառումները և հասարակությանը ներկայացնում համակարգված տարբերակով):

Բացի այդ շատ արագ ավելանում է սոցիալական ցանցերից (ամենից կիրառվողը Facebook-ն է) և մինիբլոգերից (Twitter) օգտվող քաղաքացիների քանակը: Դրան նպաստեցին նաև նախորդ տարվա մի շարք հաջողված քաղաքացիական շարժումները, որոնց համար սոցիալական համախմբման սկիզբ հանդիսացան այս հարթակները:

Նման վիրտուալ զարգացումներին զուգահեռ հայկական ինտերնետ աշխարհում մարտյան սահմանափակումների կրկնության հավանականության վերաբերյալ կարծիքները տարբեր են:

«Ես կարծում եմ տեխնիկական դժվարություններ դրա համար չկան, ուրիշ հարց է, որ քաղաքականապես կհամարձակվե՞ն դա անել»,- ասում է «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը:

Օրաթերթի կայքը մեկն էր այն 18 կայքերից, որն արգելափակված էր արտակարգ դրության օրերին: Ըստ էության, քանի որ մամուլը, հեռուստատեսությունն ու ռադիոն լիարժեք գրաքննության տակ էին («Ազատություն» ռադիոկայանի հեռարձակումները նույնիսկ դադարեցվեցին), ինտերնետը միակ այլընտրանքն էր:

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը նշում է, որ այդ օրերին կայքը սպասարկող «Արմինկո» ընկերությունից իրենց հայտնել են, թե արգելափակման որոշումը Ազգային անվտանգության ծառայությանն է: Այս որոշումը «Առավոտ» օրաթերթը չի բողոքարկել:

«Անիմաստ է ժամանակ ծախսել մեր դատարանների վրա, որոնք մեր ԱԱԾ-ի կամ նախագահի կցորդն են»,- ասում է «Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը:

Տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը կարծում է, որ տեխնիկապես հնարավոր է կայքեր փակել, ինչպես արվում է շատ երկրներում:

«Եվ ոչ միայն փակել առանձին կայքեր, այլև անջատել ինտերնետն ամբողջությամբ»,- հավելում է Սամվել Մարտիրոսյանը` օրինակ բերելով արաբական աշխարհում վերջին իրադարձությունները:

Բայց ինտերնետային շրջափակումը բացարձակ չէ: Միշտ էլ, ըստ Մարտիրոսյանի, թեկուզ թույլ, բայց մնում է տեղեկատվության փոխանակման հնարավորություն:

«Իրականությունն այն է, որ ինտերնետային շրջափակումը հակառակ էֆեկտն է բերում: Ավելի շատ մարդ է մտնում ցանց` իմանալով, որ արգելափակված է: Շատ արագ տարածվում են մեթոդները, որոնցով կարելի է այդ շրջափակումը շրջանցել: 2008 թվականին էլ նույն էֆեկտը ունեցավ: Շատ կտրուկ աճեց ինտերնետից օգտվողների քանակն այն ժամանակ, երբ մարդիկ իմացան, որ ինտերնետում կա ինչ-որ բան, որը փակ է: Այսինքն` մարդու հոգեբանությունն է. մարդը միանգամից սկսում է գնալ, հետաքրքրվել, թե դա ինչ է, որ փակված է»,- ասում է Սամվել Մարտիրոսյանը:

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն ասում է, որ մարտի 1-ին հաջորդած օրերին ուղիղ գրաքննություն էր տեղի ունենում:

«Տպարաններում Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչ էր նստում, կարդում էր ազդօրինակը, ասում էր` ոչ: Եթե դժվար հասկանալի պարբերության էր հանդիպում, զանգում էր շեֆին, կարդում էր, շեֆն ասում էր` ոչ, ինքն էլ էր նույնը ասում: Սա իրական բան է»,- ասում է Լևոն Բարսեղյանը:

2008թ-ին, երբ արգելափակվեցին ինտերնետային որոշ կայքեր, հանրությունը ձեռնարկեց գործնական միջոցներ ինտերնետային շրջափակումից դուրս գալու համար։ Ինտերնետից օգտվողների միջև սկսեցին տարածվել տարբեր տեխնիկական միջոցներ, որոնք թույլ էին տալիս այցելել փակված կայքերը անոնիմայզերների կամ արտաքին proxiserver-ների միջոցով: Լրատվական որոշ կայքեր, ինչպես www.a1plus.am-ը սկսեց նյութեր տեղադրել բլոգում: Դրանք ավելի ու ավելի էին տարածվում, քանի որ սահմանափակ տեղեկատվության պայմաններում ավելի մեծ էր դրանց հասնելու ձգտումը: Այդ նոր հնարավորությունները շատ արագ տարածվում էին:

Ինչ վերաբերում է մարզերին, ապա Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը վստահեցնում է, որ թեև արգելափակված կայքերն ավելի հասանելի էին, քան Երևանում, բայց այստեղ էլ ինտերնետ հասանելիությունն էր ավելի սահմանափակ: Մարդիկ սկսեցին մասսայաբար արբանյակային ալեհավաքներ տեղադրել իրենց տներում, որոնց միջոցով «Ազատություն» ռադիոկայանի ծրագրերն էին լսում կամ միջազգային լրատվամիջոցների թողարկումներ դիտում (CNN, BBC, Euronews և այլն): Թեև վերջիններիս հեռարձակումներն էլ Հայաստանում այդ ընթացքում հաճախ արգելափակվում էին:

Այդ ընթացքում տեղական ու միջազգային իրավապաշտպան կառույցները դատապարտեցին մամուլի գրաքննությունն ու սահմանափակումները Հայաստանում: Սակայն միայն արտակարգ դրության ռեժիմի ավարտից հետո դրանք վերացվեցին:

Թերթերը, որոնք հրաժարվել էին լույս տեսնել գրաքննության պայմաններում, հետագայում գրեցին, որ ուղիղ գրաքննություն էր տեղի ունենում:

Ինչ վերաբերում է պետության նմանատիպ վարքագծի հնարավորությանն այսօր, Լևոն Բարսեղյանն ասում է. «Հենց որ ռեժիմը իշխանություն կորցնելու վտանգը գնահատում է իրական, ակնթարթորեն սկսում է օրինազանցությունների ծավալները մեծացնել` սահմանափակել մեր սահմանադրական իրավունքները, այդ թվում խոսքի, մամուլի, հավաքների և ազատ տեղաշարժի ազատությունները: Այսօր էլ ցանկացած պահի մենք ապահովագրված չենք դրանից»: 

 

Մասնակցեք «ՋեյՆյուզի» հարցմանը.

Պե՞տք է արդյոք սահմանել հատուկ կարգ ինտերնետից օգտվողների համար

Աղբյուր` JNews.am


Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել