The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՀԱՄԱՑԱՆՑ
Ապրիլ 24, 2011
Creative Commons. համացանցում հեղինակային իրավունքները պաշտպանելու անվճար և այլընտրանքային մեթոդ
Գայանե Միրզոյան
JNews-ի թղթակից
Creative Commons. համացանցում հեղինակային իրավունքները պաշտպանելու անվճար և այլընտրանքային մեթոդ

Արդյոք պե՞տք է, որ տեղեկատվությունն ազատ լինի, թե՞ հեղինակը պետք է աչալրջորեն վերահսկի իր ստեղծագործության օգտագործումը: Այս խնդիրը սրվեց հատկապես համացանցի զարգացման հետ, որտեղ տեղեկատվությունը տարածվում է կայծակնային արագությամբ, ընդ որում, ճանապարհին կորցնելով ստեղծագործության իրական հեղնակին:

2001 թվականին ստեղծվեց «Creative Commons» կազմակերպությունը, որը գործող օրենքի շրջանակներում կոչված էր բարեփոխելու հեղինակային իրավունքները` ստեղծագործությունների օրինական օգտագործումն ընդլայնելու համար:

Կազմակերպությունը մշակեց լիցենզիա, որի շնորհիվ հեղինակներն անձամբ կարող են ընտրել, թե իրենց իրավունքների որ մասով են պատրաստ կիսվել:

«Creative Commons» կամ «CC» լիցենզիան հեղինակներին հնարավորություն տվեց թույլատրելու օգտագործել իրենց ստեղծագործությունները` նշելով հեղինակին (թույլատրել կամ արգելել օգտագործումը կոմերցիոն նպատակներով, թույլատրել կամ արգելել փոփոխել տեսանյութի բնօրինակը և այլն):

Այսպիսով, «© All rights reserved» (Բոլոր իրավունքները պաշտպանված են) լիցենզիայի համար հայտնվել է այլընտրանքային` «CC Some rights reserved» (Որոշ իրավունքներ պաշտպանված են) լիցենզիան: 2002-2009թթ-ին ամբողջ աշխարհում տրամադրվել է 350 միլիոն «CC» լիցենզիա:

«Creative Commons»-ը կոշտ «copyright»-ի և «copyleft»-ի գաղափարախոսության ոսկե միջինն է, ինչը ենթադրում է, որ տեղեկատվությունը պետք է ամբողջությամբ տրամադրվի հասարակության օգտագործմանը: «Copyleft»-ը տարածում է գտել ծրագրային ապահովման հեղինակների շրջանում Ռիչարդ Սթոլմանի թեթև ձեռքով, և նրա կողմնակիցները համարում են, որ «Creative Commons»-ի գաղափարը բավարար ազատական չէ:

Մինչդեռ «CC» լիցենզիայով աշխատում են «Google» որոնողական համակարգը, «Wikipedia» հանրագիտարանը, «Flikr» լուսանկարչական համայնքը, «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը, Միացյալ Նահանգների նախագահի վարչակազմի կայք-էջը, ռուսական «Частный корреспондент» ինտերնետային թողարկումը և շատ ուրիշ ռեսուրսներ:

Հայաստանում այս լիցենզիայի օգտագործումը հազվադեպ երևույթ է: Ըստ «Ինտերնյուս Հայաստան» կազմակերպության իրավաբան Մովսես Հակոբյանի` Հայաստանում օրենքները թույլ չեն տալիս գույքի ազատ օգտագործում: «Ըստ օրենքի, «CC»-ն գործիք է, որի միջոցով կարելի է կարծիք արտահայտել այդ օրենքների նկատմամբ»,- ասում է Հակոբյանը: Հայաստանի Սահմանադրության մեջ մի կողից ամրագրված է, որ մտավոր սեփականությունը պաշտպանված է օրենքով, իսկ մյուս կողմից` «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը» (հոդված 31):

Իրավաբանի կարծիքով օրենքում գոյություն ունի լիցենզիայի նկարագրի խնդիր, քանի որ այսօր շատ բան կախված է սուբյեկտիվ մոտեցումից:

Դեռ 2008 թվականին Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրի շրջանակներում Հարավային Կովկասի 3 հանրապետությունների փորձագետներն առաջին անգամ քննարկեցին իրենց երկրներում «CC»-ի կիրառման հարցը: Բացի այդ ազգային լեզուներով թարգմանվեց «CC» լիցենզիայի մասին տեղեկատվությունը և քննարկվեց լիցենզիայի համապատասխանեցումը Ադրբեջանի, Վրաստանի ու Հայաստանի օրենսդրություններին (Creative Commons Legal Code-ի հայաստանյան օրենսդրությանը հնարավորինս համապատասխանեցված նախագիծ ):

«Պատրաստվեցին լիցենզիայի և պրոմո-հոլովակի թարգմանությունները, թողարկվեցին տեղեկատվական բուկլետներ»,- ասում է Հակոբյանը, ով ղեկավարել է նախագծի իրականացման գործընթացը Հայաստանում:

«Creative Commons» լիցենզիայի շրջանակներում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից թողարկվում է «Մաթեմատիկայի հայկական ամսագիր» և «Ֆիզիկայի հայկական ամսագիր», որոնք հասանելի են ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի կայքում: «Creative Commons» լիցենզիայով է գործում նաև Հայաստանի նախագահի պաշտոնական կայք-էջը` president.am:

«CC» լիցենզիան պարզապես թույլ չի տալիս կայքում ընդգրկված նյութերի հիման վրա ստեղծել ածանցյալ ստեղծագործություններ: Մովսես Հակոբյանը կարծում է, որ երկրի նախագահի աշխատակազմի այս քայլն ուղղված է պաշտոնական տվյալների ազատականացմանը: Իսկ «Wikipedia»-ի հայկական տարբերակի խմբագիր Ալեքսեյ Չալաբյանի կարծիքով հեղինակային իրավունքի պահպանումը պետական կայքերում, որոնք կոչված են տեղեկացնելու հասարակությանը, անհեթեթություն է:

Գուցե միակ հայկական ԶԼՄ-ն, որն արդեն 5 տարի է գործում է «Some rights reserved» լիցենզիայով, PanARMENIAN.Net լրատվական և ֆոտո գործակալությունն է: Ըստ PanARMENIAN Media PR-մենեջեր Արփինե Գրիգորյանի` «CC» լիցենզիան թույլ կտա կարգավորել հեղինակային իրավունքը լրագրության ոլորտում:

«Հաճախ ԶԼՄ-ներն ուղղակի տեղեկացված չեն նման լիցենզիայի գոյության մասին, քանի որ, ըստ էության, որպես կանոն նրանք դեմ չեն, որ իրենց տեղեկատվությունը տարածվի, եթե նշվում է աղբյուրը»,- ասում է Գրիգորյանը:

Միևնույն ժամանակ, ըստ PanARMENIAN.Net ֆոտո գործակալության «CC» լիցենզիայի, չի թույլատրվում կայքի նյութերն օգտագործել կոմերցիոն նպատակներով և արգելվում է դրանց փոփոխումը: «Մենք կարծում ենք, որ եթե լուսանկարները փոփոխության ենթարկվեն, ապա հնարավոր է իմաստի աղավաղում. լուսանկարների բովանդակությունը կարող է չհամընկնել կոնտեքտին: Ընդհանուր առմամբ, այս լիցենզիան արտացոլում է մեր դիրքորոշումը. մենք դեմ չենք մեր տեղեկատվության օգտագործմանը, եթե նշվում է աղբյուրը»,- պարզաբանում է Արփինե Գրիգորյանը:

Բլոգերությունը այն ոլորտն է, որտեղ «CC»-ն գտել է համեմատաբար լայն տարածում Հայաստանում: Իր էլեկտրոնային օրագրում այն կիրառվում է, օրինակ, հայ ակտիվ բլոգերներից մեկի` տեղեկատվության անվտանգության ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանի կողմից: Ըստ բլոգերի` հեղինակներին պետք է հարգել, սակայն հեղինակներն իրենք պետք է հարգեն «սպառողին»:

«Ես դեմ եմ «քոփիրայթ»-ի կոշտ սահմանափակումներին: Այսօր համացանցի ամենավտանգավոր միտումներից մեկն այն է, որ «քոփիրայթ»-ը դառնում է ցանցի ազատությունը սահմանափակող գործոններից մեկը: Այսպիսով, ես կուզեի ընդգծել, որ իմ գրառումները կարելի է ազատ օգտագործել` նշելով, սակայն, հեղինակին»:

87 Ինչ վերաբերում է զանգվածային լրատվամիջոցներին, ապա, Մարտիրոսյանը կարծում է, որ այսօր Հայաստանի տեղեկատվական դաշտում կիրառվում է մեկը մյուսից արտագրելու պրակտիկան առանց աղբյուրը նշելու: «Մեզանում բացակայում է հայկական աղբյուրներին հղում կատարելու կուլտուրան: Մեր ԶԼՄ-ներն ավելի շուտ կնշեն արտաքին աղբյուրները, քան հղում կկատարեն Հայաստանի իրենց գործընկերներին»,- ասում է փորձագետը:

Փորձագետները համակարծիք են, որ լիցենզիայի մասին տեղեկատվության բացակայության հիմնական պատճառն այն է, որ Հայաստանում այն քիչ են օգտագործում: Ալեքսեյ Չալաբյանը կարծում է, որ մեր երկրում դեռևս չեն գիտակցում, որ գոյություն ունի հեղինակային իրավունք և մտավոր սեփականություն: Ահա այդ պատճառով մարդկանց հաճախ չի հետաքրքրում «Creative Commons» լիցենզիան:

«Հաճախ մամուլում նշվում է, որ հեղինակին հղում կատարելու դեպքում վերատպումը թույլատրելի է. ըստ էության, դա նույնն է, ինչ որ «Creative Commons»-ի դեպքում»,- նշում է Չալաբյանը:

Միևնույն ժամանակ, ըստ նրա, տվյալ լիցենզիայի ընդունումը ոչ միայն քաղաքացիական դիրքորոշում է, այլ նաև այն կարելի է օգտագործել որպես ստեղծագործության ճանաչվածությանը խթանելու գործիք: «Եթե, օրինակ, «CC» լիցենզիայով թույլ ես տալիս օգտագործել քո ստեղծագործությունը ոչ մեծ ֆորմատներով, ապա այն ճանաչված դառնալու դեպքում հավանական է, որ բնօրինակը ձեռք բերելու ցանկացողներ կհայտնվեն: Արտադրանքի վրա տվյալ լիցենզիայի առկայությունը վկայում է նաև հեղինակի ճկունության և անկեղծության մասին»,- նշում է Չալաբյանը: 

Աղբյուր` JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել