The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Մշակույթ
Հոկտեմբեր 29, 2018
Սուրճի և թեյի փառատոն՝ Երևանում
Սուրճի և թեյի փառատոն՝ Երևանում

Երևանում՝ Կարապի լճի շրջակայքում, հոկտեմբերի 19-ին և 20-ին տոնական եռուզեռ էր. գեղեցիկ երաժշտությունը համեմվել էր սուրճի և թեյի բույրով, մարդկանց մեծ հոսքով և երեխաների խինդ ու ծիծաղով։ «Պրոմ Էքսպո» և «Ազդ» ընկերությունների նախաձեռնությամբ Հայաստանում արդեն երկրորդ անգամ իրականացվող փառատոնը թեյի և սուրճի սիրահարների համար վերածվել էր տոնի։

Փառատոնին ներկայացված էին միջազգային ընկերությունների և տեղական արտադրողների սուրճի և թեյի տեսակները, որոնք հնարավոր էր նաև գնել: Սակայն տեղում կազմակերպում էր նաև հյուրասիրություն։ Ներկայացված սուրճի և թեյի տեսակներն այնքան շատ էին, որ մարդիկ դժվարանում էին ընտրություն կատարել։

Փառատոնին մասնակից ընկերությունների ներկայացուցիչներն ասում էին, որ այցելուների մշտական շարժից կարելի է դատել, որ այս փառատոնը հետաքրքրել է մարդկանց։

«Գոհար, Անուշ և Թամար» անունը կրող հայկական սուրճը ներկայացնող ընկերության մենեջերը նշեց, որ իրենց տաղավար այցելուները հիմնականում հետաքրքրվում են իրենց արտադրանքի անվանումներով, որոնք պատահական չեն ընտրվել. Գոհարը, Անուշը և Թամարը Թումանյանի պոեմների ամենահայտնի հերոսուհիներն են։

Ասում են՝ Թումանյանը շատ է սիրել սուրճ և շատ հաճախ է նվեր ստացել սուրճի պարագաներ, որոնք այժմ առկա են նրա տուն-թանգարանում։

Սուրճի տեսակներից առանձնում էր նաև «Saccaria»-ն իր բիո-օրգանիկ սուրճի արտադրությամբ։ Տաղավարի ներկայացուցիչն ասաց, որ 5 տարի է՝ ներմուծում են Իտալիայից: Սուրճն առանձնանում է նրանով, որ ամբողջովին պատրաստվում է օրգանիկ պայմաններում և չի ջրվում անձրևաջրերով։

Փառատոնի ընթացքում տեղի ունեցավ հայ բարիստների առաջնություն (բարում սուրճի համար պատասխանատու աշխատակից), որը գնահատվում էր միջազգային ժյուրիի կողմից։ Մրցույթի ընթացքում մասնակիցը պետք է 15 րոպեում պատրաստեր տարբեր տեսակի սուրճ. 4 բաժակ կապուչինո, 4 բաժակ հայկական սուրճ (ավազի վրա), 4 բաժակ էքսպրեսո, 4 բաժակ սուրճի խառնուրդ։

Փառատոնին ներկայացված էր ոչ միայն թեյ և սուրճ, այլև անուշահամ քաղցրավենիքներ, ավանդական զարդանախշերով թեյի և սուրճի պարագաներ, բուսական հումքով կոսմետիկ պարագաներ և այլն։

Կազմակերպիչների հաղորդմամբ՝ փառատոնը կիրականացվի նաև 2019 թվականին։

Նյութի և լուսանկարի հեղինակ՝ Գոհար Հովսեփյան

 

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել