The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՀԱՄԱՑԱՆՑ
Փետրվար 28, 2011
Մաշտոցի հետևորդները համացանցում. հայերեն էլ-բովանդակությունը ավելանում է նվիրյալների շնորհիվ
Լուսինե Մովսիսյան
Մաշտոցի հետևորդները համացանցում. հայերեն էլ-բովանդակությունը ավելանում է նվիրյալների շնորհիվ
Հայկական Վիքիփեդիայի «Հայաստան» պորտալի էջը

Հայերեն բովանդակությունը համացանցում վերջին մեկ տարվա ընթացքում զգալիորեն ավելացել է, և այս ուղղությամբ բավական աշխատանք է արվել:

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով` մեկ տարի առաջ համացանցում հայերեն բովանդակություն գրեթե չկար, իսկ այժմ ստեղծվել են տարբեր թեմաներով բազմաթիվ հայալեզու կայքեր և բլոգեր:

«Հայաստանում օրեցօր ավելանում է համակարգիչ ունեցողների և ինտերնետ օգտագործողների քանակը, ուստի այս ամենի արդյունքում մեծանում է նաև շուկան և հայերեն բովանդակության պահանջարկը: Իրականում հայալեզու բովանդակության ավելացումը պայմանավորված է հայ ինտերնետ օգտագործողների և հայկական լսարանի մեծացմամբ»,- ասում է Վարդանյանը:

Փորձագետները շեշտում են նաև, որ այդ ավելացումը հիմնականում կատարվել է զուտ անհատների նախաձեռնությամբ կամ նվիրյալների ջանքերով: Իսկ նման մոտեցումը չի կարող համակարգային փոփոխություններ մտցել այս ասպրեզում:

Օրինակ, Վիքիփեդիայի(Wikipedia) ազատ հանրագիտարանի հայերեն տարբերակում թեպետ շարունակում են ավելանալ հայերեն հոդվածների քանակը և այս պահին հանրագիտարանում կա ավելի քան 13 000 հոդված, բայց կամավորների թիվը գնալով նվազում է:

Վիքիփեդիայի հայերեն տարբերակի ադմինիստրատորներից Ալեքսեյ Չալաբյանի խոսքով'կամավորների քանակի նվազումը չի կարող չանդրադառնալ հանրագիտարանում հայերեն հոդվածների քանակի ավելացման վրա:

Wikipedia-ի հայերեն տարբերակը հոդվածների քանակով մի քանի անգամ զիջում է հանրագիտարանի ադրբեջաներեն և վրացերեն տարբերակներում առկա հոդվածների քանակին: Չալաբյանը նշում է, որ հայ կամավորների աշխատանքում առաջնահերթությունը տրվում է ստեղծվող հոդվածների որակին և ոչ թե քանակին:

Պետական կայքերի անցումը յունիկոդի

Ընդամենը մեկ տարի առաջ պետական կարևորության կայքերի մեծամասնութան բովանդակության համար կիրառվում էին տարբեր տառատեսակներ: Նման ոչ համակարգված մոտեցումը քաղաքացիների համար անհարմարություն էր ստեղծում, այն իմաստով, որ անձնական համակարգչից պետական կայքերի բովանդակությունը անընթեռնելի էր, հաճախ շփոթեցնող և բարդություններ էր առաջացնում ոչ շատ բանիմաց ինտերնետ օգտագործողների համար:

Այս խնդիրը բարձրացրին հասարակական ակտիվիստները և այս առնչությամբ պաշտոնական նամակ փոխանցեցին 2010 թ-ին Երևանում BarCamp միջոցառմանը հյուրընկալված ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին:

Կարճ ժամանակ անց ՀՀ կառավարությունը փոփոխություններ կատարեց պետական գործավարության կարգում, ինչը նախատեսում էր թվային փաստաթղթերի շրջանառությունում և պաշտոնական կայքերում բավանդակության պարտադիր անցում Unicode ունիվերսալ կոդավորման:

Ֆեյսբուք' «բզենք» հայերեն

Ֆեյսբուք սոցիալական ցանցի հայաֆիկացումը սկսվեց 2008թ-ից: Այն ժամանակ այս էջից օգտվողների թիվը Հայաստանից այդքան էլ մեծ չէր: Հայաստանցիները մեծ ոգևորությամբ օգտագործում էին ռուսական Odnoklassnik.ru կայքը: Սակայն Ֆեյսբուքը նույնպես Հայաստանում մեծ տարածում գտավ, և այնքան գրավիչ դարձավ, որ Odnoklassnik.ru-ից մեծ հոսք նկատվեց այստեղ:

Առաջին տարում Ֆեյսբուքը թարգմանվեց հայերեն 35 տոկոսով:

Հաջորդ տարի այս նախաձեռնությանը միացավ նաև Ակադեմիական համագործակցության և օժանդակության հայկական ասոցիացիան (ԱՐՄԱԿԱԴ)` ոգեկոչելով ասոցիացիայի շուրջ հավաքված երիտասարդ գիտնականներին օժանդակել այս նախագծին: Արդյունքում սոցիալական ցանցը հայաֆիկացվեց 85 տոկոսով:

ԱՐՄԱԿԱԴ-ի հիմնադիր-նախագահ Խաչիկ Գևորգյանի խոսքով` եթե այս ցանցում նախկինում դժվար էր պատկերացնել հայերեն տարբերակի օգտագործումը, ապա ներկայումս Ֆեյսբուքի ավելի քան 100 000 օգտագործողներ նախընտրում են ցացի հայերեն տարբերակը:

Հայերեն բովանդակությունը բջջայինում

75 Լուսանկարը՝ En.wikipedia.org-իՀայաստանում վերջին շրջանում կտրուկ ավելացել է բջջային հեռախոսի միջոցով ինտերնետ օգտագործողների թիվը։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության 2010թ-ի հոկտեմբերի տվյալների` բջջային կապից օգտվողների գրեթե կեսը` 1, 5 միլիոն բաժանորդ, բջջայինի միջոցով օգտվում է նաև ինտերնետից:

Այս փաստը հաշվի առնելով` Հայաստանում շատ ընկերություններ սկսել են մտածել իրենց կայքերի նաև բջջային հասանելիության մասին: Կայքերի բջջային տարբերակի պատրաստմամբ մասնագիտացած «Mobile messaging solutions Armenia» ընկերության PR և մարկետինգի մասով մենեջեր Վարդգես Հովեյանի խոսքով` եթե նախկինում ընկերությունները ցանկանում էին պարզապես վեբ-կայք ունենալ, ապա ներկայումս հայաստանյան բազմաթիվ ընկերություններ սկսել են կարևորել նաև իրենց կայքի բջջային տարբերակի ստեղծումը:

«Այսօր արդեն բազմաթիվ ընկերություններ են դիմում մեզ այս հարցով, դրական միտումները նկատելի են»,-ասում է Հովեյանը: Նրա խոսքով` սակայն, հայերեն էլեկտրոնային բովանդակություն կարողանում են կարդալ ոչ բոլոր բջջային հեռախոսների օպերացիոն համակարգերը:

«Օրինակ` Google Android-ը, որը տարածված է բազմաթիվ բջջային հեռախոսներում, դեռևս հայերենը չի աջակցում և հայերեն տառերը ցույց չի տալիս»,- ասում է Հովեյանը:

Android օպերացիոն համակարգը մեծ տարածում ունի բջջային հեռախոսների շրջանում, որը նշանակում է նաև, որ Հայաստանի այն բաժանորդները, ովքեր օգտագործում են այս համակարգով աշխատող բջջայիններ' զրկված են հայերեն բովանդակություն ընթերցելու հնարավորությունից:

Այս առնչությամբ կրկին մի խումբ հայ ակտիվիստներ պաշտոնական նամակով դիմեցին Google ընկերությանը և կազմակերպեցին օնլայն քվեարկություն, որպեսզի համակարգում ավելացվի հայերեն տարբերակը:

«Մենք պաշտոնական նամակ ուղարկեցինք Google-ին, անգամ այնտեղ աշխատող ծանոթ հայի գտանք, սակայն որևէ արձագանք այդպես էլ չստացանք: Կարծում եմ` սա պետք է արվի անգամ պետական մակարդակով»,- ասում է այս նախաձեռնության հեղինակ «Արմակադ»-ի հիմնադիր Խաչիկ Գևորգյանը:

Ըստ «Էլեկտրոնային բովանդակության ասոցիացիա»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանի, հայերեն բովանդակության խնդրի լուծման համար հարկավոր է պետական մոտեցում, էլեկտրոնային բովանդակության ռազմավարություն և ֆինանսական լուրջ միջոցներ: Ըստ նրա, մոտենում է այն շրջանը, երբ բովանդակություն լինելու է ոչ միայն համակարգչի, այլ նաև մարդուն շրջապատող բոլոր իրերի մեջ: Եվ այս իմաստով, Չուգասզյանը կարծում է, որ անհրաժեշտ է ավելի ընդարձակ նախագծով հանդես գալ:

«Այսօր մենք գործ ունենք շատ կարևոր մարդկային քաղաքակրթական երևույթի հետ, որն ազդում է մտքի, աշխատանքի, կրթության, մշակույթի, այսինքն՝ հասարակական կյանքի բոլոր ձևերի վրա և փոփոխում է դրանք: Այս երևույթը նկարագրելու համար տարբեր բառեր են օգտագործում` տեղեկատվական, գիտելիքահենք կամ կրեատիվ հասարակություն, սակայն դրա լավագույն բնորոշումը դեռևս չի գտնվել», - ասում է Չուգասզյանը:

Ըստ նրա բավարար չէ միայն մտածել մեր ժառանգության թվանշայնացման մասին: «Պետք է բուն լեզվի թվանշայնացման մասին մտածենք: Դրանով կկարողանանք «թաղանթներով» պատել բոլոր համակարգչային միջավայրերը և ամենատարբեր իրերն ու ծրագրերը, որոնք Հայաստանը չի արտադրում, և միայն դրա շնորհիվ կկարողանանք ապահովել մեր մշակութային հարմարավետությունը և մեր տեսակի շարունակականությունը նոր ստեղծվող աշխարհում»: 

 

Մասնակցեք «ՋեյՆյուզի» հարցմանը.

Պե՞տք է արդյոք սահմանել հատուկ կարգ ինտերնետից օգտվողների համար

Աղբյուր` JNews.am


Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել