The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Մշակույթ
Մարտ 20, 2014
Պտտելով մանկության հուշերի անիվը
Գոհար Տեր-Հակոբյան
Ուսանողի հայացք
Պտտելով մանկության հուշերի անիվը
Վերնիսաժ

Անցել են այն ժամանակները, երբ երևանյան բակերում մեկ էլ լսվում էր տղաների ղժբժոցը, ու գետնին պտույտներ գործող հոլը` մեկ ոտքի տակ ընկնելով, մեկ ետ քաշվելով, շրջանակում էր մանկության հիշողությունների անիվը: Այդ ժամանակ բոլոր տղաները հոլ ունեին, որովհետև դա սեփական ճարպկությունն ու հնարամտությունը ցույց տալու հիանալի ձև էր:

Այսօր երեխաներն իրենց ճարպկությունն ու հնարամտությունը ցուցադրում են համակարգչային և բջջային խաղերի միջոցով:

Վարպետ Միսակ Իսկանդարյանը Երևանում այն եզակի մարդկանցից է, ով պատրաստում է հոլեր` հավատալով դրանց վերածննդին:

«Այն ժամանակ մեր բակում բոլորն անհամբեր հոլ խաղալու սեզոնին էին սպասում, - պատմում է Միսակը,- սովորաբար դա լինում էր գարնան վերջին և ամռան սկզբին: Բավական էր` ինչ-որ մեկը առաջինը նետեր իր հոլը, և բոլորը` հինգ-վեց տարեկանից մինչև վաթսուն տարեկան միանում էին նրան»:

Հոլի հնությունը չափվում է փայտամշակման հաստոցի` չարխի տարիքով: Հոլը հիմնականում պատրաստվում է հաճարենու և բոխու փայտից, որը պետք է լինի չոր և հնարավորինս համասեռ: Հոլ պտտեցնելն ի սկզբանե համարվել է ռազմական խաղ` տարածված ասիական շատ երկրներում: Բայց կան հոլի պտտման որոշ հնարքներ և խաղի կանոններ, որոնք հատուկ են մեր երկրին:

Նախ և առաջ պետք էր որոշել թելի երկարությունը, որը հիմնականում կախված էր խաղացողի հասակից: Ձեռքն ուղղահայաց պարզելու դեպքում մատից մինչև գետինն ընկած հեռավորությունն էլ որոշում էր թելի երկարության չափը: Դեռ տաս սանտիմետր էլ հարկավոր էր, որպեսզի թելն ավարտվեր մինչև հոլի` գետնին հասնելը: Այն պետք էր նետել թեք ու հեռու:

Հոլ խաղացողների մեջ տարածված էր հոլի պտտման մի քանի ձև` «վերտոլյոտ», «աղջկավարի», «տղավարի» և «ղայթանքաշ»: «Աղջկավարիի» դեպքում հոլը պետք էր նետել ուղղահայաց դիրքով և թելը քաշել: Այս տարբերակը ամենահեշտն է, ու Միսակը հոլ պտտեցնել չիմացողներին միշտ խորհուրդ է տալիս «աղջկավարիից» սկսել: «Տղայավարին» ավելի բարդ է, երբ պարանի` ղայթանի երկարությունից կախված հաշվում էին` ինչ ուղղությամբ  նետել հոլը: Իսկ «ղայթանքաշը» հոլը նետելու և պարանը անմիջապես հետ քաշելու ձևն է:

Հոլերի չափերն էլ նշանակություն ունեն: Փոքր երեխաներին խորհուրդ է տրվում ավելի փոքր հոլ պտտեցնել: «Բայց այն կանոններով, որոնցով մենք էինք խաղում, այսօր արդեն ոչ ոք չի խաղում: Հիմա երեխաները հոլը միայն պտտեցնել կարողանալու դեպքում էլ են ուրախանում», - ասում է Միսակը:

Նա հոլ սկսել է պատրաստել ութ-ինը տարի առաջ: Սկզբում դրանք մի քանիսն էին, հետո շատացան ու ավելի գեղեցկացան: «Փոքր ժամանակ ընկերներով մանիկյուր էինք գողանում ծնողներից ու փորձում էինք հոլերի վրա ինչ-որ պատկերներ նկարել, բայց լավ չէր ստացվում: Ու ստիպված ամբողջն էինք ներկում ու այդպես էլ խաղում»:

Տարիներ անց, Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում ստացած հմտություններն ու դիզայներական տաղանդը համադրելով, Միսակը սկսեց հոլերը ձևավորել նուրբ հայկական կարպետի զարդանախշերով, ժայռապատկերներով, մանր ծաղիկներով: Բայց ցավով նշում է, որ վերնիսաժի շուկայում ամենաշատ պահանջարկ ուենցողները ամենապարզ զարդարանքով հոլերն են` եռագույնով ներկվածները:

Միսակն ունի չորս-հինգ հոլից բաղկացած իր փոքրիկ հավաքածուն: «Ընկերներիցս շատերի մոտ հոլերը նկարազարդելու հետաքրքիր մտքեր են առաջանում: Ես էլ պահում եմ դրանք ինձ մոտ: Ամենասիրածներիցս մեկի վրա ընկերս Արարատն է պատկերել` երկաթագիր տառերով»:

Վերնիսաժում հոլերի կողքով անցնողները հաճախ չեն կարողանում չարտահայտել իրենց կարծիքը` «բա գիտես` էս հոլը պետք է էսպես լիներ, թելը ավելի երկար պետք է լիներ»: Միսակը ժպիտով է վերաբերվում նրանց քննադատական միջամտություններին. «Հոլը մանկուց եկած բան է, ամեն մեկն իր հոլն է ունեցել, խաղալու իր սիրած ձևը, այդ պատճառով շատերի մոտ արթնանում են նոստալգիկ հիշողություններ»:

Պատանի հասակից հոլ պտտեցնող Միսակն ուրիշ բակային խաղեր էլ գիտի` չլիկ-դաստան, ղայիշը կամ լախտին: Հոլեր պատրաստելը Միսակի ամենանվիրական ցանկություններից մեկին հասնելու ծրագրի մի մասն է միայն: Նա նպատակ ունի Հայկական բակային խաղերի ասոցիացա հիմնել. միգուցե երեխաները նորից բակ դուրս գան ու սկսեն իրենց ուրախ ղժբժոցը:

Լուսանկրաը` հեղինակի

Աղբյուրը` JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել