The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Մոլորակ
Հոկտեմբեր 11, 2013
Գյումրեցի արվեստագետը լեհական քաղաքը ներկայացրեց «10 մետրում»
Սուրեն Դեհերյան
Գյումրեցի արվեստագետը լեհական քաղաքը ներկայացրեց «10 մետրում»
Ալեքսեյ Մանուկյան

Ալեքսեյ Մանուկյանն օրերս վերադարձավ լեհական Լյուբլին քաղաքից, որտեղ հոկտեմբերի 1-ից 6-ը մասնակցում էր «Ինտեգրացիա-Մեդիացիա» միջազգային փառատոնին:

Փառատոնը կազմակերպվել էր «Արևելյան Եվրոպայի նախաձեռնությունների կոնգրեսի» շրջանակներում, որը բաղկացած էր ակադեմիական քննարկումներից և մշակութային միջոցառումներից: Այն միավորել էր տարբեր ոլորտներից մոտ հազար մասնակցի` Եվրամիության և Արևելյան գործընկերության երկրներից, ինչպես նաև Ռուսաստանից: 

Գյումրեցի արվեստագետին այս փառատոնի ընթացքում ստեղծագործելու հնարավորություն էր տրված, և նա ներկայացավ «10 մետր» պերֆորմանս հեղինակային նախագծով: Սա յուրահատուկ ստեղծագործությունների շարք է, որով Ալեքսեյը ներկայացնում է տարբեր քաղաքների փողոցներին և մայթերին առկա պատկերներն ու սիմվոլները, այլ կերպ ասած` 10 մետր վատմանե թղթի վրա պատկերում քաղաքի հետքը:

Նա կիրառում է շատերին հայտնի այն պարզ տեխնիկան, երբ թղթի վրա մատիտ քսելով ստացվում է թղթի տակ դրված մանրադրամի արտապատկերը: Ալեքսեյի ստեղծագործություններում մանրադրամի արտապատկերի փոխարեն հուշաքարերի, քարե սալիկների, ստորգետնյա կոմունիկացիաների համար նախատեսված հորերի պողպատե փականների պատկերներն են:

Ըստ արվեստագետի այս նախագծով տարածքը դիտվում է իբրև մի արժեք, որը ենթակա է տեղափոխման: «Փաստորեն, տարածքը պատկերելով թղթի վրա` հնարավորություն եմ ստանում տեղափոխել այն մեկ այլ վայր», - ասում է Ալեքսեյը, ով «5-րդ հարկ» մշակութային խմբի անդամ է:

«Տարածքը լայն հասկացություն է. կա հանրային տարածք, որը ինչ-որ կերպ զարգացում է ապրում: Դա դինամիկ հասկացություն է, որը միշտ փոփոխությունների և զարգացումների մեջ է, և խնդիրն այն է, թե ինչպես է մարդը ադապտացվում այդ փոփոխություններին, ինչ հիշողություններ ունի` կապված այդ տարածքի հետ և արդյոք պատրաստ է հաշտվել «տարածք» հասկացության հետ», - ասում է նա:

Հերթական 10 մետրը ստեղծվում է այն քաղաքում, ուր արվեստագետն այցելում է հատուկ այդ նպատակով, և, փաստորեն, այս մեկը նվիրված էր Լյուբլին քաղաքին: Ավարտելուց հետո այն տեղափոխվեց Լյուբլինի մշակույթի կենտրոն` ցուցադրության:

Իր պերֆորմանսի միջոցով Ալեքսեյն առաջարկում է տարածքների վերաբերյալ խնդիրներին լուծում տալ արվեստի միջոցով: Լյուբլինն այս նախագծում 15-րդ քաղաքն էր: Մինչ այդ նա ստեղծագործել է եվրոպական այլ քաղաքներում, Թուրքիայում և Կովկասում:

«Երբ Թուրքիայում էի ստեղծագործում, ինձ մոտ տարածքային հիշողության խնդիր առաջացավ. մոտս առաջ եկան ցեղասպանության շուրջ հիշողություններ, որոնք, իհարկե, ազդեցություն ունեցան ստեղծագործությանս վրա: Նույնը Շուշի քաղաքում. պատերազմի ու այրված քաղաքի հիշողությունները կարևոր դեր ունեցան այնտեղ ստեղծած պատկերի վրա»,- հիշում է Ալեքսեյը:

Ըստ նրա, քաղաքների հատակային սիմվոլները պատկերող ստեղծագործությունները հուշում են նաև այն մասին, որ բոլոր բնակավայրերն իրար հետ կապված են ստորգետնյա կոմունիկացիաների միջոցով` լինելով մեկ ամբողջություն: Ալեքսեյը լիահույս է, որ մի օր իրեն կհաջողվի հավաքել իր բոլոր ստեղծագործությունները և մեկ տարածքում ներկայացնել մասնատված տարածքների հավաքական պատկերը:

Լուսանկարը` հեղինակի

Լյուբլին-Երևան

Նյութի սկզբնաղբյուրն է Azatutyun.am կայքը

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել